Եթե ժողովրդի քվեարկության արդյունքներով ձեւավորվի հաջորդ խորհրդարանը, ապա Մարքսիստական կուսակցությունը կանցնի ԱԺ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 24-ին հայտարարեց նշված կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Ըստ նրա` չպետք է թմբկահարվի  այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերից միայն Հայ ազգային կոնգրեսը ընտրազանգված ունի:

«Եթե Հակոբյան Դավիթը դուրս գա հրապարակ, կարծում եք` նրա ոտքերի տակ ընտրազանգված չի՞ հայտնվի: Մարքսիստական կուսակցության հաղթարշավը դեպի հայոց պառլամենտարիզմի ոստան ոչ ոք կանգնեցնել չի կարող, այնպես, ինչպես Քրիստոսի հաղթարշավը Երուսաղեմ»,- նկատեց մարքսիստը` եւ մատը վերեւ պարզելով հավելեց, թե խորհրդարանում իր հայտնվելը լինելու է «ամենաբարձրյալի հովանավորչությամբ»:

Արձագանքելով հարցին, թե քանի՞ քաղաքական ուժ կհայտնվի հաջորդ խորհրդարանում, եթե այն ձեւավորվի բացառապես ժողովրդի քվեով, Հակոբյանն ասաց, որ խորհրդարանը կարիք ունի սոցիալ-դեմոկրատական ուժերի: «Մենք չունենք սոցիալ-դեմոկրատներ, որոնք պետք է պաշտպանեն աշխատավորության շահերը: Բոլորը, շուրջ 70 կուսակցություն, լիբերալ շառլատաններ են: Ըստ գաղափարական հոսանքների` երեք կուսակցությունից ավել կուսակցություն մեզ պետք չէ: Այնպես որ մի երկու լիբերալ խորհրդարանում ունենք` ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն, մնացածը պետք է լինեն այլ ուժեր` սոցիալ-դեմոկրատիան` անպայման»,-հույս հայտնեց Հակոբյանը: