ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում քաղաքացիական բնակչության տառապանքների կապակցությամբ: Նա նշել է, որ ռազմական գործողություններ են ծավալվում նաեւ մարտական գործողությունների գոտու սահմաններից դուրս, եւ այդ կապակցությամբ կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը:

«Հաղորդվում է, որ սեպտեմբերի 27-ի վերջին բռնկումից հետո հետակոծվել են մի շարք քաղաքներ, գյուղեր: Տարբեր աղբյուրներից տեղեկությունները վկայում են այն մասին, որ հոկտեմբերի 8-ի դրությամբ սպանվել է մոտ 53 խաղաղ բնակիչ, ներառյալ երեխաներ: Շենքերի մեծ մասը, ներառյալ դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտներ, փլուզվել են. դրանց ճնշող մեծամասնությունը գտնվել է ԼՂ-ում: Մտահոգություն է առաջացնում այն, ինչի ակնատեսն ենք դառնում վերջին օրերին:

Ես հիշեցնում եմ հակամարտող կողմերին, որ անհրաժեշտ է պահպանել մարդասիրական միջազգային իրավունքի հարցով իրենց պարտավորությունները, պահպանել տարբերության, համաչափության եւ զգուշավորության սկզբունքներն ու խուսափել բնակավայրերի ուղղությամբ զենքի կիրառումից:    

Ես նաեւ հիշեցնում եմ բոլոր պետություններին, հատկապես նրանց, որոնք ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա, միջազգային իրավունքը նրանցից պահանջում է անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, ներառյալ քաղաքացիական անձանց պաշտպանությունը:

Կասետային զինամթերքները փոքր ռումբեր են նետում մեծ տարածքներում, որոնց մեծ մասը միանգամից չի պայթում, սակայն կարող է տարիների ընթացքում սպանել եւ խեղել: Նման զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի: Ես նաեւ կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին միանալ ավելի քան 100 պետությունների, որոնք վավերացրել են կասետային զինամթերքի կիրառումը արգելող Կոնվենցիան:

Ատելության հրահրումը ոչնչի չի հանգեցնի: Ինչպես տեսնում ենք, դա հանգեցնում է կոնֆլիկտների եւ մարդկանց մահվան: Բոլորից, ներառյալ քաղաքական առաջնորդներից, պահանջվում է կառուցողական երկխոսություն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու հակամարտության կայուն քաղաքական երկխոսության խրախուսմանը: 

Բռնությունը շարունակվում է, եւ խաղաղ բնակիչները, ինչպես հաղորդվում է, ապաստարաններում են թաքնված, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ հնարավորություն չունենան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սոցիալական հեռավորություն պահպանել:  

Անհրաժեշտ է ապահովել բժշկական սպասարկման հասանելիությունը, այդ թվում հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժածներին»,-ասվում է Բաչելեթի հայտարարության մեջ: