Հակառակորդն օգտագործում է գիշերային ժամերը՝ վերախմբավորվելու եւ համալրվելու համար: Այս մասին հոկտեմբերի 12-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վաղ առավոտից 3-4 ուղղություններով հարձակողական գործողություններ են սկսվել: Մարտակերտի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի: Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, թուրքական կողմի աջակցությամբ, օգտագործելով մեծ թվով մարտական անօդաչու թռչող սարքեր, կատարել են 36 մարտական թռիչք: Հյուսիսային ուղղությամբ հայկական հակաօդային պաշտպանությանը հաջողվել է ոչնչացնել թշնամու մեկ Սու-25 գրոհային ինքնաթիռ, իսկ օրվա ընթացքում ռազմական գործողությունները շարունակվել են հարավային ուղղությամբ` զրահատեխնիկայի կիրառմամբ։

«Մարտերը շարունակվում են մինչ ուշ երեկո: Գիշերը նկատվում է ռազմական գործողությունների որոշակի թուլացում: Այս ժամանակ հակառակորդը փորձում է վերախմբավորվել եւ համալրում իրականացնել, որպեսզի վաղ առավոտից մեթոդականորեն սկսի հարձակումը»,- պատկերը նկարագրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Միաժամանակ, նա հերքեց Թալիշ գյուղի գրավման ադրբեջանական քարոզչության հավաստիացումները: Ըստ Հովհաննիսյանի, Թալիշը ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ չէ, նրանք ընդամենը մոտեցել են գյուղի ծայրամասին: