Ադրբեջանի սանձազերծած պատերազմի սկզբից սփյուռքից, այդ թվում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից եւ Եվրոպայից, Հայաստան է եկել 700 տոննա մարդասիրական օգնություն: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ակնկալվում է, որ ԱՄՆ-ից կգա եւս 100 տոննա մարդասիրական օգնություն: Առայժմ Թուրքիան արգելում է նշված բեռով օդանավի թռիչքն իր օդային տարածքով դեպի Հայաստան»,- ասաց նա: Սինանյանը հավելեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ստացված ֆինանսական օգնության ծավալը կազմել է 120 միլիոն դոլար:
«Կոչ եմ անում արտերկրում գտնվող եւ օգնություն ցուցաբերել ցանկացող հայրենակիցներին` համակարգել աշխատանքը Հայաստանի սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Նյութական օգնությունից բացի, շատ կարեւոր է աշխատել տեղեկատվական ոլորտում, այդ թվում սփյուռքում՝ ադրբեջանա-թուրքական ապատեղեկատվությանը հակազդելու համար: Աշխատանքները ընթացքի մեջ են, եւ անհրաժեշտ է շարունակել դրանք նաեւ լոբբիստական կառույցների միջոցով»,- եզրափակեց նա:



























