ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները նամակ են հղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորեին` խաղաղություն կոչ անելով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսված Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական հարձակման ֆոնին:
Նամակը ստորագրել են ՀՀ Նախագահի կինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների արտակարգ պաշտպան Նունե Սարգսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի առաջին դեսպան, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանը, միջազգային պարալիմպիկ կոմիտեի պատվավոր անդամ, Բելառուսի վաստակավոր արտիստ, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «ՌՈՄԱ» ՖԱ-ի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյան
«Ինչպես վկայում են Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները, օդային եւ ցամաքային զանգվածային հարձակումներն ուղղված են եղել քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, անհետաձգելի օգնության կենտրոնների, դպրոցների, եկեղեցիների եւ այլ կենսական ենթակառուցվածքների վրա` ռազմական ավիացիայի լայնածավալ կիրառմամբ, ինչն արգելված է զենքի միջազգային բոլոր կոնվենցիաներով, ինչպիսիք են կասետային մարտագլխիկներն եւ սարսափազդու այլ միջոցներ: Քաղաքացիների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ անխնա եւ կանխամտածված հարվածները համատարած ավերածությունների, զոհերի եւ լուրջ վնասվածքների են հանգեցրել, այդ թվում` կանանց եւ երեխաների շրջանում: Արցախն այսօր մարդասիրական աղետ է ապրում: Սա մարդու իրավունքների, Ժնեւի կոնվենցիաների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Սա պարզապես հարձակում չէ հայերի վրա, սա հարձակում է մարդկության հիմնարար նորմերի վրա, հարձակում է այն բանի վրա, ինչը պաշտպանում է ՄԱԿ-ը: Ցավոք, դա տեղի է ունենում միջազգային հանրության լարված ուշադրության պայմաններում: Երեխաները արյունահեղության, հոգեբանական տրավմայի եւ տառապանքի զոհ են դառնում եւ օգնության խիստ կարիք ունեն` անկախ նրանից, թե որտեղ են ապրում, ինչ ազգի են պատկանում, եւ անկախ այն տարածքի իրավական կարգավիճակից, որտեղ նրանք ապրում են` խիստ վճռականությամբ չթողնել ոչ ոքի: Այժմ Արցախի երեխաների կյանքը վտանգված է, սակայն նրանք, ինչպես եւ աշխարհի բոլոր երեխաները, ունեն կյանքի եւ պաշտպանության իրավունք. կոմայի մեջ գտնվող 15-ամյա Ռոբերտը, 2-ամյա Արծվիկը, որը դեռ պայքարում է կյանքի համար, Արծվիկի սպանված 9-ամյա քույրը եւ շատ ուրիշներ...
Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ` մենք կոչ ենք անում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի քույր գործակալություններին եւ մեր բարի կամքի մեր դեսպան գործընկերներին բարձրաձայնել, օգնության ձեռք մեկնել եւ գործել հիմա` հետագա արյունահեղությունը կանխելու համար: Մտահոգության արտահայտումը եւ խաղաղության կոչերը ցանկալի արդյունք չտվեցին: Մարդասիրական աջակցություն ցուցաբերեք Արցախում բնակվող մարդկանց, ինչպես նախատեսված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածով: Համոզվեք, որ մարդու իրավունքների համընդհանուրության սկզբունքը եւ ոչ ոքի առանց ուշադրության չթողնելու ձեր առաքելությունն անվերապահորեն իրականացվում է բոլորի համար եւ ամենուրեք:
Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեր լռությունը խեղդի անզեն երեխաների եւ նրանց մասին հոգ տանողների ճչոցները: Եկեք թույլ չտանք, որպեսզի մեր լռությունը խեղդի նորածինների եւ նրանց անզեն խնամակալների ճիչը: Այս կրիտիկական պահին վճռական գործողություն է անհրաժեշտ` մարդկային կյանքերի փրկության համար: Մենք ուզում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքի հպարտ անդամներ մնալ, որը նկատում են ակնհայտը, դատապարտում է անբարոյականը եւ հոգ է տանում խոցելիների եւ տուժածների մասին»,- ասված է հայտարարության մեջ:





























