Մենք ուշադիր հետեւում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցին Թուրքիա: Մենք առայժմ մեկնաբանելու բան չունենք: Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Հարցին, թե ինչպես են այժմ Ուկրաինայում հայկական եւ ադրբեջանական սփյուռքերը գոյակցում, Սեյրանյանը պատասխանել է, որ խոշոր միջադեպեր չեն եղել:

«Խոշոր թյուրիմացություններ չեն եղել: Մոտ մեկ շաբաթ առաջ ադրբեջանական սփյուռքը բավականին աղմկոտ ավտոերթ էր նախաձեռնել Կիեւի կենտրոնում: Նրանք Գերագույն ռադայի մոտ էին եւ նույնիսկ օդ էին կրակել այդ տարածքում: Իմ կարծիքով, այնտեղ մի քանի մարդու ձերբակալել են: Կարծում եմ՝ նրանք ինչ-որ կերպ կպատժվեն: Հայկական կողմից կար մի առանձին խումբ, որը ցանկանում էր բողոքի ցույց կազմակերպել, բայց նրանց հետ համոզեցին: Հայ համայնքում եւ Ուկրաինայի հայերի միությունում կա այն գիտակցությունը, որ սադրանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնպահ մնալ: Համայնքները բավականին մեծ են, եւ, ընդհանուր առմամբ, այս ամենը հղի է ռիսկով»,- ասել է դեսպանը:

Պատասխանելով վերջերս «հայկական կողմից Գյանջայի գնդակոծման» մասին հարցին` Սեյրանյանը հրաժարվել է խորը վերլուծություն կատարել եւ քննարկել այս հարցը, քանի որ, ինչպես նշել է դեսպանը, ՀՀ ՊՆ-ին հաջողվել է պարզել, որ ադրբեջանական կողմից ներկայացված իբր գնդակոծության վայրից լուսանկարները կեղծ են, եւ արվել են դեռեւս 2016-ին՝ Սիրիայում:

«Բազմաթիվ հարցեր կան: Ցանկացած մարդկային զոհեր երկու կողմերից էլ, լինեն դրանք խաղաղ բնակիչներ, թե զինվորականներ, ցավալի են: Այս պատերազմը մեզ պարտադրել են, իսկ մենք խաղաղություն ենք պարտադրում»,- նշել է դեսպանը:

Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ Ստեփանակերտը եւ Ղարաբաղի մյուս բնակավայրերը հոկտեմբերի 16-ի երեկոյան կատաղի գնդակոծության են ենթարկվել ադրբեջանական կողմից: Սեյրանյանը նաեւ ընդգծել է, որ այնտեղ փաստացի ամեն օր գնդակոծություններ են իրականացվում:

«Արդյունքում վիրավորվել է 6 քաղաքացիական անձ: Երկուսը շատ ծանր վիճակում են: Ուզում եմ ասել, որ պատերազմի սկզբից Արցախում հայկական կողմից ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ ավելի քան 110-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Ընդ որում, նրանցից 88-ը ծանր վնասվածքներ են ստացել»,- նշել է դիվանագետը: