Կարմիր, մանուշակագույն եւ դեղին հանրապետական դրոշներով ցուցարարները կազմակերպել են ակցիաներ Իսպանիայի 24 քաղաքներում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել երկրի նախկին թագավոր Խուան Կառլոսին, հաղորդում է Reuters-ը:

82-ամյա նախկին միապետն ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններում այս տարի օգոստոսին Իսպանիայից հեռանալուց հետո:

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի կոչ անենք պատասխանատվության ենթարկել նախկին թագավորին»,-հայտարարել է ցույցերի հարյուրավոր մասնակիցներից մեկը Սեւիլյեում:

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի նկատմամբ անցկացվում է հետաքննություն Իսպանիայում եւ Շվեյցարիայում կոռուպցիայի կասկածանքով, որը կապված է սաուդյան արագընթաց գնացի շուրջ իսպանական ընկերությունների՝ 6,7 մլրդ եվրո արժեքով պայմանագրի հետ:

Իսպանիայի Գերագույն դատարանի դատախազությունը դիտարկում է հետաքննությունը երկարաձգելու հարցը նախկին թագավորին պաշտոնապես մեղադրանք առաջադրելու համար:

Ինքը՝ Խուան Կառլոսը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ նշելով միայն իր փաստաբանի միջոցով, որ պատրաստ է համագործակցել դատախազության հետ անհրաժեշտության դեպքում:

Տեղեկատվական գործակալությունը նշում է, որ, համաձայն երկուշաբթի հրապարակված հարցման, իսպանացիների 40,9 տոկոսը կողմ է արտահայտվել կառավարման հանրապետական ձեւին, մինչդեռ 34,9 տոկոսը սատարել է միապետությունը, իսկ 24,2 տոկոսը դժվարացել է պատասխանել: