Հոկտեմբերի 19-ից Շվեյցարիայի իշխանությունները պարտադրում են դիմակ կրել թատրոններում, կայարաններում եւ կանգառներում կորոնավիրուսով վարակման կտրուկ աճի կապակցությամբ: Բացի այդ, արգելված է «ինքնաբուխ հավաքվել» ավելի քան 15-հոգանոց խմբերով հասարակական վայրերում, ասվում է կիրակի Դաշնային խորհրդի հրապարակած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արտահերթ նիստի ժամանակ, որը կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, Դաշնային խորհուրդը մի շարք միջոցառումներ է հաստատել, որպեսզի երկրում ամենուր հակազդեն կորոնավիրուսով վարակման կտրուկ աճին: Սկսած հոկտեմբերի 19-ից՝ արգելված են ինքնաբուխ հավաքներն ավելի քան 15-հոգանոց խմբերով հասարակական վայրերում»,-նշել են կառավարությունում:
Դիմակներ կրելը պարտադիր է բոլոր հասարակական վայրերում: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ավտոբուսային եւ տրամվայի կանգառներին, կայարաններին, թատրոններին, բանկերին, փոստային բաժանմունքներին, բուսաբանական եւ կենդանաբանական այգիներին, հիվանդանոցներին եւ պաշտամունքի վայրերին: Պահպանվում է հուլիսի 6-ից հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու մասին գործող որոշումը:
Հասարակական վայրերում արգելված է «ինքնաբուխ հավաքվել» ավելի քան 15-հոգանոց խմբերով: Միեւնույն ժամանակ այդ պահանջը չի տարածվում քաղաքական ցույցերի եւ քաղաքացիական հասարակության ակցիաների վրա: Քանի որ Շվեյցարիայում վարակման շատ դեպքեր են գրանցվել մասնավոր միջոցառումների ժամանակ, հոկտեմբերի 19-ից իշխանությունները սահմանափակումներ են մտցրել. այսուհետ թույլատրված են միայն «նստակյաց» հանդիպումներն ու հավաքները: Այդ միջոցառումների բոլոր կանգնած մասնակիցները պետք է կրեն դիմակներ, իսկ միջոցառման կազմակերպիչը պարտվոր է երաշխավորել հակահամաճարակային միջոցների պահպանումը: Ռեստորաններում եւ ակումբներում արգելվում են «կանգնած» տեղերը:
Շվեյցարիայում ներկայում նկատվում է կորոնավիրուսով վարակման կրկնակի աճ: Մարտին եւ ապրիլի սկզբին բժիշկներն ամեն օր հայտնաբերել են ավելի քան հազար վարակվածներ: Այնուհետեւ գրանցվել է անկում (գրանցվել է օրական շուրջ 20 դեպք), սակայն հունիսի վերջից վարակի տարածման տեմպերը կրկին աճել են: Սեմպտեմբերի 4-ին վարակվածների թիվը մեկ օրում գերազանցել է 400-ը, սեպտեմբերի 11-ին վարակվածների թիվը գերազանցել է 500-ը, հոկտեմբերի 7-ին՝ 1000-ը, իսկ հոկտեմբերի 16-ին՝ 3000-ը: Հիվանդացության թվի աճի պատճառներից փորձագետները նշում են ինքնամեկուսացման միջոցների մեղմացումը:
Շվեյցարիայում կորոնավորուսի կապակցությամբ կարանտինի միջոցառումները սահմանվել են փետրվարի 28-ին: Ապրիլի 27-ին իշխանություններն աստիճանաբար չեղարկել են սահմանափակումները: Ընդ որում՝ պահպանվել է 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը: Ավելի քան 60 երկրներից, ներառյալ՝ Ռուսաստանից, ժամանելուց հետո պետք է պահպանել 10-օրյա կարանտին, հակառակ դեպքում սպառնում է 10 հազար ֆրանկի (ավելի քան 10,9 հազար դոլար) չափով տուգանք:





























