Թեհրանը կարող է կարեւոր դեր խաղալ բոլոր հնարավոր միջոցներով թուրքական եւ ադրբեջանական կողմերի հետ խոսելու դեպքում, որպեսզի նրանք դադարեցնի ռազմական գործողություններն ու շարունակի խաղաղ բանակցությունների ճանապարհը: Այդ մասին հայատարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի դեր կարող է ունենալ Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խաղաղարար ջանքերում:
«Ես հստակ ասել եմ, որ հրադադարի եւ բանակցությունների մեկնարկի ուղին հայտնի է, պետք չէ հնարել նորը, պետք չէ խոսել այդտեղ Թուրքիայի մուտքի մասին: Եթե Թուրքիան ներգրավվի, ամեն ինչ կքայքայվի: Եւ Իրանին ոչ մեկը չի հրավիրում անդամակցել Մինսկի խմբին: Սակայն այդ ամենը տեղի է ունենում Իրանի հետ սահմանին, եւ, բնականաբար, նրանց մոտ կա շատ լուրջ մտահոգության առիթ:
Ե՛ւ Իրանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Կենտրոնական Ասիայի, ե՛ւ Հայաստանի համար ամենատհաճն իսլամական ահաբեկիչների ներկայությունն է: Ահաբեկիչներին, որոնք գործել են Սիրիայում, ինքնաթիռով տեղափոխել են Սիրիայից Լիբիա, այնուհետեւ՝ Ադրբեջան: Երեւի կա ինչ-որ զբոսաշրջային գործակալություն, որը զբաղվում է դրանով: Չգիտեմ ինչպես է դա կոչվում, սակայն այն ակնհայտորեն թուրքական է: Եւ ահա որտեղ են տեղափոխում այդ ահաբեկիչներին, այնտեղ անմիջապես ծագում է անկայունության մեծ օջախ: Եւ այսպես, կարծում եք՝ Իրանին հաճելի՞ կլինի տեսնել իր երկրի հյուսիսում այդ ահաբեկիչներին: Իսկ Ռուսաստանին հաճելի՞ կլինի տեսնել այդ ահաբեկիչներին, որոնք կմնան այնտեղ: Կամ, ի՞նչ եք կարծում, երբ այդ ամենը հանդարտվի, պարզապես կհավաքեն ճամպրուկներն ու կհեռանա՞ն այդտեղից: Իսկ եթե մնան եւ ստանան այլ առաջադրանք ապակայունացման ուղղությամբ:
Այնպես որ Իրանի մտահոգությունները ճիշտ են, օբյեկտիվ: Թեհրանը կարող է կարեւոր դեր խաղալ հնարավոր բոլոր միջոցներով թուրքական եւ ադրբեջանական կողմերի հետ խոսելու դեպքում, որպեսզի նրանք դադարեցնեն ռազմական գործողություններն ու շարունակեն խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-հայտարարել է նա «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:





























