Սերժ Սարգսյանի «շոու-շրջագայությունն» ի սկզբանե դեկորատիվ բնույթ էր կրում, եւ նպատակ չուներ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լեզու գտնել Սփյուռքի հետ։ Եւ այդ տեսակետից Նախագահը, իհարկե, հասավ իր նպատակին: Նրա այցերը լայնորեն լուսաբանվել են հայկական հեռուստաալիքներով՝ իրեն շահեկան լույսի ներքո: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում է նման կարծիք հայտնել «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ես ուղղակի վստահ եմ, որ չնայած Սփյուռքի ու Հայաստանի ժողովրդի կարծիքին, հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն»,- հայտարարեց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ հայ-թուրքական արձանագրությունների դեմ 12 կուսակցությունների համագործակցությունը շարունակվում է եւ, հնարավոր է, ապագայում այդ համագործակցությունը ձեւափոխվի: «Ես չեմ կարծում, թե խոսքը գնում է ինչ-որ նոր քաղաքական ալյանսի մասին, բայց…»,- բազմանշնակ ակնարկեց Մարտիրոսյանը՝ հուսալով, որ 12-ի համագործակցությանը կմիանա նաեւ Հայ ազգային կոնգրեսը:
Միեւնույն ժամանակ Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց, թե արձանագրությունների ստորագրումը պառակտում կմտցնի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: «Ցավոք, այդ գործըթնացն արդեն իսկ սկսվել է, եւ Սփյուռքի կապակցությամբ նախագահ Սարգսյանի որոշ անզգույշ արտահայտությունները միայն խորացնում են իրավիճակը: Ախր Հայաստանի շատ ձեռքբերումներ Սփյուռքի հետ սերտ համագործակցության արդյունք են: Սփյուռքը մեծ օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի համար պայքարին»,- ընդգծեց Մարտիրոսյանը:



























