Լիբանանահայությունը դեմ չէ Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը, սակայն դեմ է հայ-թուրքական արձանագրություններում առկա նախապայմաններին: Այդ մասին հոկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Բագրատունին:
«Մենք այս հանդիպմանն ենք ներկայացել լուրջ մտահոգություններով, այդ մտահոգությունները արտահայտվեցին նաեւ լիբանանահայության տարբեր ներկայացուցիչների, կուսակցությունների կողմից: Մենք դեմ չենք համաձայնագրի այն բաժնին, որ անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բնականոն հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն մենք դեմ ենք նրան, որ արձանագրությունների տողատակում առկա լինեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հարցերը»:
Ըստ Բագրատունու՝ սրանք այն կասկածելի բաժիններն են, որոնք սխալաբար, թե անսխալաբար պարտադրված են Թուրքիայի կողմից: «Մեզ մտահոգում է այն, որ ՀՀ իշխանությունները կարող են այս սադրանքների զոհը դառնալ: Մենք խնդրեցինք պարոն նախագահին, որն Արցախի ազատամարտիկն է եւ համայն հայության նախագահը, չստորագրել արձանագրությունները իրենց ներկա վիճակով, այլ մի շարք փոփոխություններ անել նրանցում` հանգստացնելու համար սփյուռքահայության մտահոգությունները տարբեր հոդվածների վերաբերյալ»,- ասել է Բագրատունին:



























