«ՀՀ նախագահը այցելում է օտար երկիր եւ այդ օտար երկրի բանակն ու ոստիկանությունը իրեն պաշտպանում է իր հայրենակիցներից: Նման ամոթայի, նման խայտառակ բան այլ երկրների պարագայում ես չեմ կարողանում հիշել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ԱԳ նախկին նախարար, ՀԱԿ-ի անդամ Ալեքսանդր Արզումանյան: Այնուհետեւ անդրադառնալով Փարիզում Կոմիտասի արձանի մոտ ֆրանսահայերի գործողություններին, որոնք թույլ չէին տալիս Սերժ Սարգսյանին մոտենալ ու ծաղիկ դնել մեծ երգահանի հուշարձանին, նա նշեց. «Դա մարդկանց իրավունքն է: Այդ մարդիկ, ի տարբերություն հայաստանցիներիս եւ Սովետական Միությունում մեծացածներիս, ծնվել են քաղաքակիրթ ու ազատ երկրներում եւ իրենց դժգոհությունը արտահայտելու բոլոր օրինական միջոցները կիրառում են: Իսկ այն պատասխանները, որ որոշ քաղաքական այսպես կոչված գործիչների կողմից հնչեցվեցին այդ մարդկանց հասցեին, դրանք ոչ միայն անընդունելի են, այլ նույնիսկ ամոթալի է, որ նման մարդիկ ներկայացնում են Հայաստանի բարձրագույն իշխանությունը»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, ով հայտարարել էր, թե Սփյուռքում ցույց անող հայերը «ազգի տականքն են»: Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պետք է իր գործողությունները կատարելիս հաշվի առնի Սփյուռքի դիրքորոշումները, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց. «Անշուշտ, ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն Հայաստանի ճակատագիրը եւ չի կարելի, որ մարդիկ, որոնք բնակվում են այլ երկրներում, անկախ նրանց էթնիկ պատկանելիությունից միջամտեն մեր երկրի ներքին գործերին: Սակայն հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում մենք պարտավոր ենք լսել Սփյուռքի տեսակետը: Սփյուռքը Սփյուռք է, քանի որ եղել է Ցեղասպանություն: Այսինքն Սփյուռքի առկայությունը Ցեղասպանության հետեւանք է եւ եթե կա հավանականություն, որ կա ուրացման հնարավորություն, անշուշտ այդ մարդկանց տեսակետի հետ պետք է դու հաշվի նստես: Այլ հարց է հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հարցը, որը իսկապես Հայաստանի ներքին խնդիրն է: Ի վերջո, ՀՀ քաղաքացին է այդ շրջափակմանը ենթարկվողը, եւ ՀՀ քաղաքացու վրա է տրանսպորտային ծախսը 30 տոկոսով ավել նստում, ոչ թե Փարիզում նստած որեւէ հայի»:
Ի դեպ, նա հիշեցրեց, որ «նարինջ ուտող» արտահայտության հեղինակը 20-րդ դարի սկզբին գործող դաշնակցական գործիչ ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունունն է, ով ասում էր, որ «Անանաս ու նարինջ ուտողները չէ, որ մեզ պետք է թելադրեն»: Արզումանյանի խոսքով, «հիմա ՀՅԴ-ն առաջին հանրապետության այդ փորձը մոռանալով՝ ինչ-ինչ ցիտատներ է բերում՝ Քաջազնունուն խառնելով այլ քաղաքական գործիչների հետ»:



























