Այսպես կոչված «մեղմ լոքդաունը», որը կգործի Գերմանիայում մեկ ամսվա ընթացքում, կմեկնարկի նոյեմբերի 2-ին եւ երկրի տնտեսության համար կարժենա շուրջ 19,3 մլրդ եվրո, հաղորդում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով DIW տնտեսական հետազոտությունների կենտրոնի գնահատման արդյունքներին:
DIW-ի փորձագետների կանխատեսմամբ՝ ամենալուրջ կորուստները կկրեն ձեռնարկությունները, որոնք գործում են գաստրոնոմիական եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում՝ 5,8 մլրդ եվրո: Դա համապատասխանում է նրանց եռամսյակային ցուցանիշների կրճատմանը 55 տոկոսով:
Ընկերությունները, որոնք աշխատում են սպորտի, մշակույթի եւ ժամանցի ոլորտում, կկորցնեն 2,1 մլրդ եվրո կարանտինի սահմանափակումների պատճառով, իսկ առեւտրային ձեռնարկությունները՝ 1,3 մլրդ եվրո, նշում են տնտեսագետները: Գերմանիայում արդյունաբերության կորուստները կկազմեն 5,2 մլրդ եվրո: Ընդ որում՝ առաջին հերթին կտուժեն կինոթատրոնների սեփականատերերը, ինչպես նաեւ լոգիստիկայի ոլորտում եւ ձեռնարկություններին ծառայություններ մատուցող ծառայությունները, հաղորդում է DW-ը:
Գերմանիայում լոքդաունի մյուս բացասական հետեւանքը կդառնա գործազրկությունը: DIW-ի կանխատեսմամբ՝ 2020 թվականի չորրորդ եռամսյակում կարող է գործազուրկ դառնալ շուրջ 100 000 մարդ: Միեւնույն ժամանակ ոչ լրիվ աշխատանքային օր զբաղվածություն ունեցող աշխատակիցների թիվը կաճի 400 հազարով եւ կհասնի մինչեւ 3,2 միլիոնը:
Գերմանիայում լոքդաունի ազդեցության մասին իրենց գնահատականն են տվել նաեւ Քյոլնի տնտեսության ինստիտուտի (IW) գիտնականները: IW ղեկավար Միխայել Հյութների խոսքով՝ մինչեւ տարեվերջ Գերմանիայում կարող է գործազուրկ մնալ շուրջ 591 000 հազար մարդ: 2021 թվականին գործազուրկների շարքերը կհամալրվեն եւս 15 000 մարդով այն դեպքում, որ լոքդաունը կավարտվի նախատեսված ժամկետում, հավելել է փորձագետը:
Հյունթերի գնահատմամբ, եթե կարանտինի սահմանափակումները, ինչպես նախատեսվում է, չեղարկվեն նոյեմբերին վերջում, Գերմանիայի տնտեսական կորուստները կկազմեն ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսը: Եթե լոքդաունը երկարաձգեն, ապա երկրի տնտեսության ծավալը կարող է կրճատվել 2 տոկոսով, հավելել է նա: Այդ դեպքում գործազուրկների թիվը կավելանա եւս 180 000-ով:
Հոկտեմբերի 28-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ դաշնային հողերի կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են կարանտինի միջոցառումները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն նոյեմբերի 2-ին մեկ ամսի տեւողությամբ: «Մեղմ լոքդաունը» ենթադրում է բոլոր ժամանցային վայրերի, ռեստորանների, սրճարանների եւ սպասարկման ոլորտի ընկերությունների մեծամասնության փակում:
Բացի այդ, քաղաքացիները պետք է սահմանափակեն սոցիալական շփումները սեփական տնտեսության սահմաններից դուրս՝ հասցնելով «բացարձակ նվազագույնի»:





























