Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը վերջին շաբաթների ընթացքում կապ է հաստատել իսրայելցի պաշտոնյաների հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի ձեռնարկած ջանքերի շրջանակում, հաղորդում է Al-Monitor-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրները:
Թուրքիան 2018 թվականի մայիսին հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին Գազայի վրա Իսրայելի հարձակումների եւ Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատունը տեղափոխելու ԱՄՆ որոշումից հետո:
Աղբյուրները հայտնում են, որ գաղտնի բանակցությունների վերջին փուլն ուղղված է դեսպանների մակարդակով կապերի վերականգնմանը:
«Կա հնարավորություն՝ շրջելու էջը: Քանի որ 2018 թվականին հարաբերությունների վարկանիշը չէր նվազել, դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից դեսպանների վերադարձը պարզ քայլ է»,-Al-Monitor-ին ասել է Իսրայելի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Գալիա Լինդենշտրաուսը:
Թուրքիայի կառավարությունը մտահոգված է, որ Ջո Բայդենի նոր վարչակազմը նման արտոնություններ չի տա, ինչպես նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հանդուրժողականություն էր ցուցաբերում Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրական ծովում եւ Հարավային Կովկասում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ագրեսիվ արտաքին քաղաքականության նկատմամբ, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման եւ թուրքական Halkbank-ի դեմ ԱՄՆ-ում դատական հայցերի հետ կապված:
«Հաշվարկն այսպիսին է. Իսրայելի հետ հարաբերություններն օգուտ կտան Թուրքիային նաեւ Բայդենի օրոք»,-Al-Monitor-ը մեջբերում է արեւմտյան պաշտոնյայներից մեկի խոսքը:
Լինդենշտրաուսն ասել է, որ եւ՛ Իսրայելը, եւ՛ Թուրքիան կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները որպես «բարի կամքի քայլ Բայդենի ապագա վարչակազմի համար, որը, հավանաբար, ցանկանում է տեսնել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածության թուլացում»:
Jerusalem Post-ի վերլուծաբան Սեթ Ջ. Ֆրանցմանն ասել է, որ Թուրքիան, հավանաբար, պատրաստվում է օգտագործել Իսրայելին «որպես գործիք, որպեսզի ծառայի Վաշինգտոնի համար»: ԱՄՆ-ն Իսրայելը համարում է Մերձավոր Արեեւլքում իր ամենաուժեղ դաշնակիցը:
«Այդպիսով, Թուրքիան կարծում է, որ Իսրայելի կամ հրեաների հետ լավ հարաբերությունները նոր էջ կբացեն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Դա մոդել է, որն օգտագործվել է նաեւ նախկինում»,-գրում է նա իր հոդվածում:
«Թուրքիայի ուլտրաաջ կառավարությունն այս տարի երկու անգամ ընդունել է ՀԱՄԱՍ-ի առաջնորներին եւ հաստատել հայտարարություններն այն մասին, որ «Երուսաղեմը մերն է», եւ որ «կազատագրի» Ալ-Աքսա մզկիթը իսրայելական հսկողությունից, սակայն հիմա Անկարան ցանկանում է օգտագործել Իսրայելին՝ Վաշինգտոնի կողմից մեկուսացումից խուսափելու համար:
Պարզ չէ, թե արդյոք Իսրայելը ներողամիտ կլինի Թուրքիայի հանդեպ եւ կանտեսի նրա աջակցությունը ՀԱՄԱՍ-ին: Սակայն ինչ-որ պահի Իսրայելի կառավարությունը կարող է հայտնաբերել, որ Անկարան կրկին ուշադրությունը կսեւեռի Երուսաղեմի վրա այն ժամանակ, երբ ստանա այն, ինչ ցանկանում էր»,-գրում է Ֆրանցմանը:



























