«Թուրքական հոսքի»՝ Սերբիայում գտնվող հատվածում մեկնարկել է գազալցման աշխատանքը, շաբաթ «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը:

Հաղորդվում է, որ «Թուրքական հոսքը», որով ռուսական գազը հասնում է Սեւ ծովով դեպի Թուրքիա եւ այնուհետեւ Եվրոպայի հարավ, սկսել է աշխատել 2020 թվականի հունվարին: Այդ գազատարով առաջինը գազ է մատակարարվել Թուրքիային, Բուլղարիային, Հունաստանին եւ Մակեդոնիային: Բուլղարիայից դեպի Սերբիա 474-կոլոմետրանոց գազատարի շինարարությունը հետաձգվել է մեկ տարով  համավարակի եւ շինարարների միջեւ դատավարության պատճառով:

Գազատարի նոր հատվածում մատակարարումը կմեկնատրկի 2021 թվականի հունվարի 1-ին եւ ամբողջությամբ կփոխարինի Ուկրաինայով դեպի Սերբիա մատակարարվող ռուսական գազը:

Ավելի ուշ Սերբիայով «Թուրքական հոսքի» գազը պետք է հասնի Հունգարիա, որից հետո նաեւ Ավստրիա:

2019 թվականին Սերբիան ձեռք էր բերել «Գազպրոմից» 2,135 մլրդ խորանարդ մետր գազ, 2020 թվականին 10 ամիսների ընթացքում դա կրճատվել է 41 տոկոսով՝ մինչեւ 960 մլն խորանարդ մետրով: