Բրազիլիայում ավելի քան 250 հազար մարդ է մահացել COVID-19 կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնում է բրազիլական Globo հեռուստառադիոծառայությունը:

Փետրվարի 27-ի առավոտյան երկրում, ըստ պաշտոնական տվյալների, գրանցված է կորոնավիրուսի հետեւանքով ոչ պակաս 252 988 մահ: Վերջին 3 օրերին երկրում օրական մահանում է միջինը ավելի քան 1,1 հազար մարդ, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Բրազիլիայում համավարակի ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10,45 մլն դեպք: Վերջին շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքերի աճը կազմել է օրական միջինը շուրջ 53 հազար նոր դեպք: Ընդ որում՝ Globo-ն նշում է, որ վերջին շաբաթում դիտվում է վարակման աճի միտում՝ ցուցանիշներն աճում են շուրջ 18 տոկոսով նախորդ երկու շաբաթների համեմատությամբ: Լրատվական ծառայության տեղեկություններով՝ նահանգների մածամասնության մայրաքաղաքներում ինտենսիվ թերապիայի մահճակալների ավելի քան 80 տոկոսը զբաղված է, իսկ որոշ մայրաքաղաքներում այդպիսի հիվանդասենյակներում ընդհանրապես ազատ տեղ չկա:

Բրազիլական լրատվամիջոցները երկրում պատվաստման գործընթացին հետեւում են 2021 թվականի հունվարի 21-ից: Պատվաստանյութի առաջին դեղաչափը այս պահին ստացել է ավելի քան 6,4 մլն մարդ, ինչը Բրազիլիայի բնակչության 3 տոկոսից մի փոքր է ավելի: Պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել ավելի քան 1,8 մլն մարդ, սա բնակչության շուրջ 0,89 տոկոսն է:

Սպասվում է, որ շաբաթ Բրազիլիա է հասնելու Չինաստանից հումք՝ պատվաստանյութի արտադրության համար, որը մշակել են Օքսֆորդի եւ AstraZeneca-ի մասնագետները: