Այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, Լոռու մարզի դատախազությունը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը եւ որոշում կայացրել Լոռու մարզի դատախազությանը պարտավորեցնել կազմակերպության կողմից ներկայացրած հաղորդման վերաբերյալ համապատասխան որոշում կայացնել:
Խնդիրն այն է, որ Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնի քննիչի կողմից, առանց դատարանի համապատասխան որոշման, անօրինական կարգով քաղաքացու բնակարանում կատարվել է խուզարկություն:
Կազմակերպությունը ներկայացրել է հաղորդում՝ քննիչի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մասին, որի կապակցությամբ Լոռու մարզի դատախազությունը համապատասխան որոշում չի կայացրել՝ սահմանափակելով դատախազության գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու կազմակերպության իրավունքը:




























