Հրանտ Դինքի սպանության գործով 13-րդ դատալսման ընթացքում գաղտնի վկան հայտնել է, որ Դինքի սպանության վայրում 4-5 հոգի է եղել:
Մայիսի 10-ին Ստամբուլի Բեշիքթաշի դատարանում Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ընթացքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել: Մասնավորապես` գաղտնի վկան հայտնել է, որ Հրանտ Դինքի սպանությունից րոպեներ առաջ 4-5 հոգի զրուցել են իրար հետ, որից հետո նրանցից մեկը, ով եղել է մոտ 40-45 տարեկան, մոտեցել Հրանտին եւ ինչ որ բան ասել, այնուհետ երկու հոգի ատրճանակով միաժամանակ կրակել են Հրանտի վրա: Գաղտնի վկան հաստատել է, որ առջեւից կրակել է Օգյուն Սամասթը, ետեւից` Յասին Հայալը: Գաղտնի վկան նկարագրել է նաեւ դեպքի վայրում գտնված Յասին Հայալի եղբորը` Օսման Հայալին: Դատարանում Յասին Հայալը ժխտել է եղբոր մասնակցությունը` ասելով որ նա այդ պահին Տրապիզոնում է եղել:
Դատարանի նախագահը Դինքի դատապաշտպանների պահանջով ներկայացրել է ոստիկանության վարչությունից ստացված տեղեկությունը, որ «Էրգենեկոնի» գործով 52 ամբաստանյալներից 6-ը հեռախոսային զրույցներ են ունեցել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների հետ: Հիշյալ 6 անձանց մեջ է նաեւ պաշտոնաթող հակահայ գեներալ Վելի Քյուչյուքը:
Դատարանի որոշմամբ, կալանքի տակ գտնվող մեղադրյալներից երկուսը` Էրսին Յոլջուն եւ Ահմեդ Իսքենդերը ազատ են արձակվել:
Դատավարությանը Դինքի ընտանիքի անդամներից բացի մասնակցել են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասը եւ Փարիզի փաստաբանների պալատի ներկայացուցիչները:




























