Մայիսի 12-ին Ստեփանակերտում ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախաձեռնությամբ կայացել է կլոր սեղան` «Արցախյան կարգավորում` իրավական եւ քաղաքական հայեցակետերը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, պետական կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Հիմնական զեկույցներով հանդես են եկել իրավագետ Անդրեաս Ղուկասյանը (Երեւան) եւ Ազգային եւ ռազմավարական հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:
ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը, որը վարել է խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, նվիրված էր հրադադարի կնքման 16-ամյակին: Հիշյալ տարեդարձի առթիվ կլոր սեղանի մասնակիցներին ողջույնի գրավոր խոսք է հղել Ռուսաստանի դիվանագետների միության առաջին տեղակալ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը 1992-1996 թթ. եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար եւ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցում:
Զեկուցող փորձագետներն առանձնակի անդրադարձել եւ լսարանի ուշադրություն են հրավիրել միջազգային հանրության պատասխանատվության հանգամանքին` Արցախյան հակամարտության 20-ամյա խորացման, վերջինիս գործած հիմնարար սկզբունքային սխալների եւ, մասնավորապես, հետխորհրդային տարածքում նոր պետությունների ճանաչման հարցում ի հայտ բերած խտրական եւ հակաիրավական մոտեցումների կիրառման առնչությամբ: Ներկայացվել են այժմյա իրավիճակից դուրս գալու նպաստավոր ռազմավարական ուղիները, որոնք թե՛ միջազգային հանրությանը, եւ թե՛ ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին հնարավորություն են ընձեռում ըստ էության բարեփոխել եւ իրապաշտության ու միջազգային իրավունքի դաշտ փոխադրել Արցախյան կարգավորման ցայսօր որեւէ էական արդյունք չարձանագրած գործընթացը:
Զեկուցող փորձագետները հատուկ նշել են, որ անհրաժեշտ է իսպառ հրաժարվել վաղուց ի վեր սեփական սնանկությունը փաստած մի շարք կարծրատիպերից, որոնք ըստ էության նենգափոխում եւ խոչընդոտում են կարգավորման իրապաշտական եւ իրավական ուղիների որոնմանը: Մասնավորապես ասվել է, որ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ եւ այլ եվրոպական կառույցների արցախահայության իրավունքները բազմիցս կոպտորեն խախտած միջազգային հանրությունը որեւէ իրավունք չունի ԼՂՀ-ից պահանջելու կամ ակնկալելու ոչնչով չհիմնավորված զիջումներ` թե՛ տարածքային, եւ թե՛ անկախ կարգավիճակի ճանաչման հարցերում:
ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդը ողջունել է նաեւ Ստեփանակերտի մամլո ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի Ադրբեջանի, ՀՀ եւ ԼՂՀ լրագրողներին հղած կոչը` մայիսի 12-ից տեղեկատվական դաշտում զինադադար հաստատելու վերաբերյալ:




























