Եվրոպական միության երկու բարձրաստիճան պաշտոնյա կոչ են արել ԵՄ անդամ երկրների կառավարություններին արագ արձագանքման ուժեր ստեղծել ամբողջ աշխարհում միջամտության համար՝ հայտարարելով, որ Աֆղանստանում ճգնաժամը տարիների անգործության դադարեցման կատալիզատոր կդառնա, հաղորդում է Reuters-ը:
ԵՄ գլխավոր դիվանագետը եւ Ռազմական կոմիտեի նախագահը հայտարարել են, որ ԵՄ-ին անհրաժեշտ է արձագանքել հակամարտություններին իր սահմաններից դուրս, եւ որ 5000 զինծառայողից բաղկացած «արագ արձագանքման ուժերի» ստեղծումը ճանապարհ է, որը կնվազեցնի կախվածությունը Միացյալ Նահանգներից:
«Իրավիճակն Աֆղանստանում, Մերձավոր Արեւելքում եւ Սահելում ցույց է տալիս, որ ժամանակն է գործել՝ սկսած արագ արձագանքման եվրոպական ուժերի ստեղծումից, որոնք ի վիճակի կլինեն ցուցադրել գլոբալ ռազմավարական գործընկեր հանդես գալու ԵՄ կամքը»,- ասել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Կլաուդիո Գրացիանո:
«Երբ, եթե ոչ հիմա»,- ասել է նա լրագրողներին, մինչդեռ ԵՄ պաշտպանության նախարարները հավաքվել են Սլովենիայում՝ քննարկելու Աֆղանստանից արեւմուտքի քաոսային դուրս գալու հետեւանքները թալիբների կողմից երկրում վերահսկողություն հաստատելուց հետո:
Նման ուժ ստեղծելու ԵՄ ջանքերը կաթվածահար էին եղել ավելի քան մեկ տասնամյակով՝ չնայած 2007 թվականին 1500 զինծառայողից բաղկացած ԵՄ մարտական խմբի համակարգի ստեղծմանը, որը երբեք չի օգտագործվել ֆինանսավորման հետ կապված վեճերի եւ դրանք տեղակայելու դժկամության պատճառով:
«Երբեմն իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կատալիզացնում են պատմությունը, բեկում են ստեղծում եւ ես կարծում եմ, որ Աֆղանստանն այդ դեպքերից է»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը՝ հայտարարելով, որ արագ արձագանքման ուժերը պետք է դրա մի մասը լինեն:
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անհրաժեշտ է ստորաբաժանումներ ստեղծել, որոնք «ավելի օպերատիվ» կլինեին, քան մարտական խմբերը: «Ավելի ուժեղ եվրոպական պաշտպանության կարիքն ակնհայտ է, քան երբեւէ»,- ասել է նա:
Սլովենիայի պաշտպանության նախարար Մաթեյ Տոնինը հայտարարել է, որ արագ արձագանքման ուժերը կարող են ներառել 5-ից 20 հազար զինծառայող եւ չպետք է կախված լինեն տեղակայման մասին ԵՄ 27 երկրների միաձայն որոշումից: «Եթե մենք խոսում ենք եվրոպական զինյալ խմբավորումների մասին, խնդիրն այն է, որ կոնսենսուսի անհրաժեշտության պատճառով դրանք գրեթե երբեք չեն ակտիվանում»,- ասել է Մաթեյը, ում երկիրը նախագահում է ԵՄ-ում: «Միգուցե լուծումը մեխանիզմ հորինելն է, որի համաձայն դասական մեծամասնությունը բավարար կլինի, իսկ ցանկացողները կարող են (առաջ) գնալ»:
Լիտվայի պաշտպանության նախարար Արթիս Պաբրիքսը հայտարարել է, որ բոլոր ծրագրերը տապալվելու են, եթե չլինի զորք տեղակայելու քաղաքական կամք՝ առանձնացնելով Գերմանիային, որը մեծ ռազմական ուժ ունի, սակայն՝ ռազմական գործողություններում այն օգտագործելու պատմական դժկամություն:





























