ԱՄՆ, ինչպես մնացած պետությունները, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ պատճառով էլ այսպես կոչված «ընտրությունները» չեն կանխորոշում հակամարտության կարգավորման վերջնական կարգավիճակը։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի խոսնակի՝ Ռոբերտ Հիլթոնի, հայտարարության մեջ, որի տեքստը տարածել է Հայաստանի ԱՄՆ դեսպանատունը։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման իր մանդատին, որը հիմնված է հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, այն է՝ ուժի չկիրառմամբ եւ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքով»,-նշվում է Հիլթոնի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները, որոնք կայացան մայիսի 23-ին, աչքի ընկան ընտրողների ակտիվությամբ։ ԼՂՀ խորհրդարանի 5-րդ գումարմանը ընտրվել են 33 պատգամավորներ։ Խորհրդարան են անցել 3 քաղաքական կուսակցություններ։



























