Հայաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ բացթողումն այն է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում դեռեւս չկան ձեւակերպված նպատակներ՝ ի տարբերություն Բաքվի։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Այս երեւույթը, նրա խոսքով, նկատվում է արդեն 30 տարի՝ թեեւ Հայաստանն այս ընթացքում ի վիճակի չէր ձեւակերպել իր նպատակները Թուրքիայի հետ հարաբերություններում։
«Հայերի մի մասը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հողերի վերադարձ է ուզում, մյուսը՝ փոխհատուցում, երրորդը՝ անվտանգության երաշխիքներ։ Սակայն պետությունը չի ձեւակերպել այս բոլոր օրինական պահանջները։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Հայաստանը այս հարցում եւս չունի ձեւակերպված նպատակներ, որոնք պետք է մշակի ողջ հասարակությունը, որը պառակտված վիճակում է»,-ասաց Մարուքյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ դա հանգեցնում է Երեւանի դիրքերի թուլացման։
Կուսակցության նախագահը նշեց, որ սահմանազատման գործընթացը պետք է տարանջատել ղարաբաղյան հիմնախնդրից, դա անթույլատրելի է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու շրջանակում։ Առանձին հարց է Ղարաբաղի կարգավիճակը։
«Միջազգային հանրությունը հակված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, պատրաստ է օգնել կողմերին՝ ընդհանուր լեզու գտնել։ Արտաքին խաղացողները (լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան) Երեւանին ու Բաքվին պատրաստի լուծումներ չեն պարտադրի, քանի որ հասկանում են, որ հետո կարող են իրենց մեղադրել։ Հայաստանի համար առաջնահերթություն պետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման եւ գերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցերը։ Նրանց վերադարձը որպես նախապայման կարելի է մեկնաբանել որպես ահաբեկչություն։ Իսկ ահաբեկիչների հետ չեն բանակցում։ Անընդունելի է զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի միջեւ, քանի որ դա չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, եւ Հայաստանը նման պատասխանատվություն չի ստանձնել։ Բոլոր սադրանքները բխում են Ադրբեջանից, ինչը չի դատապարտվում միջազգային հանրության կողմից»,-եզրափակեց նա։




























