Ուրբաթ թուրքական լիրան դոլարի նկատմամբ նոր պատմական նվազագույնի է հասել այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը կրկին նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը` չնայած սպառողական գների աճին, հայտնում է AP-ն։
Լիրայի անկումը դրդել է Կենտրոնական բանկին միջամտել՝ ավելի շատ արտարժույթ վաճառելով: Սա բանկի հինգերորդ միջամտությունն է վերջին շաբաթների ընթացքում՝ լիրային աջակցելու համար:
Կենտրոնական բանկի միջամտությունից առաջ լիրան դոլարի նկատմամբ պատմական նվազագույնի էր հասել՝ 17.14-ի, իսկ արժույթն ուրբաթ վերականգնել է իր կորուստների մի մասը: Այնուամենյանիվ, հինգշաբթի փակման համեմատ այն մոտ 5 տոկոսով ավելի թույլ էր ամերիկյան արժույթի նկատմամբ։
Տարեսկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 55 տոկոսը։
Հինգշաբթի Կենտրոնական բանկը հայտարարեց, որ կնվազեցնի իր հիմնական տոկոսադրույքը 15 տոկոսից մինչեւ 14 տոկոս` չնայած ապշեցուցիչ 21 տոկոս գնաճին։ Բանկը սեպտեմբերից իջեցրել է տոկոսադրույքները 5 տոկոսային կետով, թեեւ այլ ազգային բանկերի մեծ մասը բարձրացրել է տոկոսադրույքները՝ բարձր գնաճը զսպելու համար:
Նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, որ բարձր տոկոսադրույքները գնաճ են առաջացնում։
Մինչդեռ լիրայի թուլացումը գների բարձրացման, ներմուծման, վառելիքի եւ սպառողական ապրանքների թանկացման է հանգեցնում։ Ավելի քան 83 միլիոնանոց երկրում շատ մարդիկ ձգում են իրենց գոտիները՝ սնունդ գնելու եւ մյուս հիմնական կարիքները բավարարելու համար:





























