Երեւանում կորչում է ջրի 82-83 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է «Երեւան Ջուրը»: Անշուշտ` աշխարհի ցանկացած ջրամատակարարման համակարգում ջրի կորուստներ լինում են, սակայն 82 տոկոսն արդեն չափազանց է: Ջուրն ազգային հարստություն է, ռազմավարական պաշար, կարելի է ասել` քաղաքական գործոն, ուստի չի կարելի նրա հետ այդպես անփույթ վարվել:
Ջրի այսչափ կորուստը հնարավոր չէ բացատրել խողովակների կամ ցանցի տեխնիկական մաշվածությամբ` որպեսզի 82 տոկոս կորուստ ունենա, խողովակի վրա հսկայական պատռվածք պետք է լինի, բայց էլի վերջնակետ կհասնի ջրի 25 տոկոսից ավելին: Ուրեմն` խնդիրը տեխնիկական մաշվածության մեջ չէ, խնդիրը` ջրագողությունն է: Երբ մեր բնակարաններում ջրաչափեր էին տեղադրում` նպատակներից մեկն էլ հենց ջրի խնայողական օգտագործումն էր ու ջրագողության նվազումը: Կարելի է ասել` կառավարությունը հասավ դրան, քանի որ բնակարաններում ջրի կորուստը 20 տոկոսից ավելի լինել չի կարող, անգամ եթե հաշվի առնենք ջրաչափերի վրա տեղադրվող մագնիսներն ու ջրաչափերի կողմից չֆիքսվող ջրի բարակ հոսքը: Ուրեմն` ջրի կորուստներն այլ հարթություններում են:
Օրինակ` Երեւանում սնկի նման աճել են ավտոլվացման կայանները, իսկ ամռանը ակտիվանում են լողավազանները: Բացի այդ` խմելու ջուրը բազմաթիվ վայրերում օգտագործվում է ոռոգման նպատակներով, ընդ որում` բավական շռայլորեն: Հատկապես երբ խոսք է գնում որեւէ մասնավոր հիմնարկի, ասենք` սրճարանի հարեւանությամբ գտնվող կանաչ տարածքներին: Անշուշտ` այդ տարածքները պետք է ոռոգել, բայց նախ պետք է կարգի բերել ոռոգման ցանցը:
Կամ` վերցնենք ավտոլվացման կայաններին: Երեւանում դրանք մի քանի հարյուր են, գուցե` հազար: Ըստ «Երեւան Ջուրի» մասնաճյուղերից մեկի տնօրեն Կարապետ Օհանյանի` ավտոլվացման կետերը վերցնում են մոտավորապես 3-4 բնակարանի չափով ջուր:
Բայց նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է, որ ջուր օգտագործվում է մի քանի տասնյակ անգամ ավելի: Ի վերջո` ավտոլվացման ոչ մի կետում այսօր դույլերով չէ, որ ջուրը վերցնում են, բոլորն էլ անցել են բարձր ճնշմամբ խողովակների օգտագործմանը, այսպես կոչված` «առանց հպումի լվացմանը»: Նույնիսկ միջին ծանրաբեռնվածության դեպքում դա ամսական 300-400 խոր. մետր ջուր է կազմում, ինչը կարող է բավարարել 30-40 բնկարանի ջրի կարիքը:
Ըստ այն տվյալների, որ ստացվում են «Երեւան Ջուր» ընկերությունից` նրանց հաջողվում է ջրի որոշ խնայողւթյուն իրականացնել:
Օրինակ` անցած մեկ տարում աղբյուրներից պակաս է վերցվել 20.7 մլն խոր. մետր ջուր, որը ջրի ընդհանուր քանակի 5.8 տոկոսն է:
Ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ էլ հաջողվել է խնայել 24 մլն խոր. մետր ջուր (8 տոկոսը): Այդ ընթացքում տեղի է ունեցել ջրամատակարարման ավելացում:
Այդ ամենն իհարկե լավ է: Սակայն ակնհայտորեն բավարար չէ: Երեւանի կարիքների համար ընկերությունը տարեկան վերցնում է մոտ 370 մլն խոր. մետր ջուր, այսինքն` յուրաքանչյուր բնակչի հաշվով` մոտ 330-340 խոր. մետր: Այսինքն` 1 երեվանցու հաշվով օրական մոտ 900-1000 լիտր ջուր է ծախսվում: Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում 1 բնակչի հաշվով օրական ծախսվում է 198 լիտր ջուր, Համբուրգում` 104 լիտր, սակայն այդ քաղաքներում խմելու ջուրը ոռոգման նպատակներով չի օգտագործվում:
Սամվել Ավագյան



























