Հացամթերքի շուկան անվստահելի է, իսկ հացի արտադրության համար պատասխանատու են մի շարք կառույցներ, օրինակ` Սննդի անվտանգության պետական ծառայությունը, Էկոնոմիկայի նախարարության տեսչությունը եւ այլն: Այսօր` օգոստոսի 4-ին, այս թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նրա խոսքով, որպես կանոն, հացը տեղափոխվում է տարբեր տիպի մեքենաներով եւ հացի տեղափոխման համար չնախատեսված արկղերով:
«Գիշերները հաց են տեղափոխում, ցերեկները մարդ են տեղափոխում»,- նշեց Մելիտա Հակոբյանը, հավելելով, որ հացը հասնում է խանութ, իսկ խանութներում գոյություն չունի գին, բաղադրություն, անվտանգության սերտիֆիկատ, որոնք սպառողը իրավունք ունի պահանջել:
Անդրադառնալով փաթեթավորմանը` Մելիտա Հակոբյանը նշեց, որ տաք հացը, դնելով պոլիէթիլինային տոպրակների մեջ, այնտեղ կաթիլներ են առաջանում, իսկ պոլիէթիլինային տոպրակի վնասակար նյութերն անցնում են հացի մեջ, հացն էլ լվանալու հնարավորություն չկա:
Նրա խոսքով` այսօր ամբողջ աշխարհում հայտարարված է պոլիմերային աղետ, շատ պետություններ օգտագործում են թղթե տոպրակներ, որովհետեւ պոլիէթիլինային տոպրակները առաջացնում են տարբեր հիվանդություններ: «Տեսեք, թե վերջերս ինչքան են ավելացել արյան չարորակ հիվանդությունները, քաղցկեղները, սիրտ-անոթային, աղեստամոքսային հիվանդությունները: Դրանք մի քանի անգամ մանկացել են»,- նշեց Մելիտա Հակոբյանը:
Նրանք դիմել են կառավարությանը` հացի արտադրությունը բաց ընթացակարգով կազմակերպելու համար, այսինքն` ամեն արտադրող պետք է վճարի 25 հազար դրամ եւ իրավունք ունենա հաց արտադրել: Նրա համոզմամբ` դա չի հանգեցնի հացի գնի բարձրացման: Մելիտա Հակոբյանը նշեց, որ այս խնդիրների լուծմանը խանգարում է նաեւ սպառողների մոտ գիտելիքի պակասը:




























