Բավական հետաքրքրիր որոշում է ընդունել վերջերս Շվեյցարիայի կառավարությունը` 2 մլրդ շվեյցարական ֆրանկ (մոտ 1.7 մլրդ եվրո) օգնություն տրամադրել այն ընկերություններին, որոնք տուժել են շվեյցարական ֆրանկի արժեւորման պատճառով: Հիմնականում կօգտվեն արահանողներն ու զբոսաշրջային ոլորտը: Սակայն սրանով հարցը չի փակվում: Շվեյցարիայի Ազգային բանկը հայտարարել է 200 մլրդ ֆրանկ լրացուցիչ էմիսիայի մասին` լիկվիդայնության խնդիր ունեցող բանկերի անհամպաղ վարկավորման նպատակով:
Վերջին 18 ամսում շվեյցարական ֆրանկը դոլարի եւ եվրոյի նկատմամբ միջինը թանկացել է մոտ 20 տոկոսով: Լուրջ վնասներ կրող շվեյցարական արտահանող ընկերություններն արդեն սկսել են կրճատել աշխատատեղերը եւ աշխատավարձերը:
Նշենք նաեւ, որ վերջին ամիսներին ազգային արժույթի արժեզրկման է ձգտում նաեւ Ճապոնիան:
Այս ամենը խոսում է այն մասին, թե գլոբալ առումով որքան մեծ կարեւորություն է տրվում փոխարժեքի քաղաքականությանը: Հայաստանում ոչ ոք չի էլ փորձել հաշվել, թե ազգային տնտեսությունը որքան վնասներ կրեց 2003-8 թվականներին դրամի մոտ 40 տոկոսանոց արժեւորումից: Հայրենի տնտեսագիտությունը նույնիսկ չկարողացավ հայրենի իշխանություններին համոզել, թե որքան վտանգավոր է դրամի արժեւորման ընթացքը: Խնդիրը միայն այն ուղղակի վնասները չեն, որ կրեցին տեղական արտադրողները:
Մենք հենց դրամի արժեւորմանն ենք պարտական մեր տնտեսության ներկայիս անոմալ կառուցվածքի համար, երբ արդյունաբերությունը ՀՆԱ-ում ավելի քիչ տեսակարար կշիռ ունի, քան գյուղատնտեսությունը, շինարարությունը կամ ծառայությունները: Կամ, որ տնտեսությունում դոմինանտ դերակատարում ունեն ներմուծողները, այլ ոչ թե արտահանողները: Եւ սա այն դեպքում, երբ պետությունն իբր անընդհատ փորձում է օժանդակել արտահանողներին` հարկերի, արտոնյալ վարկերի, այլ օժանդակությունների տեսքով: Բայց արի ու տես, որ «անօգնական» ներմուծողներն ունեն գերշահույթներ, իսկ տարաբնույթ օգնություններ ստացող տեղական արտադրողները մրցակցությանը չեն դիմանում: Պատճառն իրականում արժեւորված դրամն է, որը զրոյական աստիճանի իջեցրեց հայկական տնտեսության մրցունակությունը:
Այս տարվա սկզբին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարություն արեց, ասելով, որ դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է: Նա նաեւ կանխատեսեց, որ դրամը տարվա ընթացքում չափավոր կարժեզրկվի` առանց նկատելի թռիչքների: Այս հայտարարությունն արվել է մարտի 11-ին, երբ 1 դոլարն արժեր 368.1 դրամ: Այսօր, 5 ամիս անց, դրամն ավելի թանկ է` 1 դոլարն արժե մոտ 367 դրամ: Ընդ որում` մենք Կենտրոնական բանկի կողմից ոչ մի ջանք չենք նկատում, որը կհանգեցներ դրամի չափավոր արժեզրկման; Ընդհակառակը` ԿԲ-ն նախկինի պես ավելի շահագրգռված է դրամի արժեզրկման կանխարգելմամբ, որպեսզի այդ ձեւով չեզոքացնի գնաճային ճնշումները:
Արդյունքում` Հայաստանի արտաքի առեւտրի հաշվեկշիռը շարունակում է վատթարանալ: Եթե 2002 թ., երբ դրամը դեռ չէր սկսել սրընթաց արժեւորվել, մեր ներմուծումը ընդամենը 2 անգամ էր գերազանցում արտահանմանը, ապա ներկայում` ավելի քան 3 անգամ: Ոչ մի լուրջ տեղաշարժ այս առումով չի նկատվում, քանի որ դրամը նախկինի պես հակված է արժեւորման:
Սամվել Ավագյան



























