Թուրքիայի պետական մեքենան հատուկ հռետորաբանություն ունի Հայաստանի եւ հայերի հանդեպ, եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովը չի բարելավի այն, եւ չի խրախուսի հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը խորհրդարանի օրակարգ:  Այդ մասին օգոստոսի 24-ին կայացած ասուլիսում հայտնել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Մելքոնյանի կարծիքով, այնուամենայնիվ ներկայիս խորհրդարանը ունի իր յուրահատկությունները, որոնք բնավ էլ Հայաստանի օգտին չեն խոսում. «Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը դրսեւորում է վառ արտահայտված հակահայկական տրամադրվածություն, քանի որ նա հանդիսանում է ՔՕ-ի 301-րդ հոդվածի «կնքահայրը»: Խորհրդարան են մտել նաեւ երեք հայագետներ. պատմաբան Յուսուֆ Խալաչօղլուն, Սեիդ Սերչելիկը եւ վերլուծաբան Սինան Օգանը, նրանց ջանքերն ուղղված են Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այդ ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ թուրքական օրենսդիր մարմնում հայագետների ընդգրկումն ուղղված է հակահայկական աշխատանքներին «գիտական հիմք»-ով ապահովելուն: Այդ կապակցությամբ հնարավոր է Հայաստանի հանդեպ տարվող թուրքական հռետորաբանության փոփոխություն դեպի վատը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի կողմից: 2010 թ. ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ թուրքական կողմը չի կատարում առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պայմանը:  Այդուհանդերձ, Երեւանը իր ստորագրությունը արձանագրություններից հետ չի կանչել: