Տանզանիայի մերձարեւադարձային խոր անտառում 1972թ. հոգին ավանդեց ծեր շիմպանզե Ֆլոն։ Նրա որդու՝ Ֆլինտի համար, դա անասելի մեծ կորուստ էր։ Շիմպանզեն, որն արտասովոր կերպով կապված էր մոր հետ, հանկարծ դարձավ վհատ, կորցրեց ախորժակը։ Հետո, մոր մահից մեկ ամիս անց, հյուծված Ֆլինտը նույնպես մահացավ։
Հետազոտողները կենդանիների այսպիսի հոգեցունց վարքի տասնյակ դեպքեր են գրանցել, երբ մահացել են կենդանիների ցեղակիցները կամ կոմպանյոնները։ Այդ վարքը ստիպում է մտածել կարեւոր հարցի շուրջ՝ արդյո՞ք սգում են կենդանիները իրենց մահացածների համար, ինչպես դա անում են մարդիկ։
Ավելի մեծ թվով հետազոտողներ են ուսումնասիրում այս գաղափարը, եւ նրանց աշխատանքը վերաբերում է հետազոտությունների լայն շրջանակի՝ «էվոլյուցիոն թանատոլոգիա» (մահվան եւ դրա հետ կապված ծեսերի ուսումնասիրություն) անվանմամբ։
Այս ոլորտն ավելի հաճախ է ներառում այն վարքի հետազոտությունը, որը դուրս է գալիս մարդկային ոլորտի շրջանակից, օրինակ՝ Զամբիայում էգ շիմպանզեի դեպքը, երբ նա խոտով մանրակրկիտ մաքրում էր իր վերջերս մահացած խորթ որդու ատամները համարյա թե սգո ծիսակարգով՝ համաձայն այն հետազոտության, որը հրապարակվել է 2017թ. Scientific Reports ամսագրում։ Ճիշտ նույն կերպ 2018թ. շատերին ցնցել էր Կանադայի եւ Վաշինգտոնի ափերին էգ կետի պատմությունը, որը 17 օր անդադրում քարշ էր տվել իր անկենդան ձագի մարմինը՝ հաղթահարելով 1 600 կիլոմետր, ինչից հետո բաց էր թողել նրան։
Նման վարքագիծ ցուցադրում են ոչ միայն վայրի կենդանիները, այլեւ ընտանիները։ Իտալիայի Սան Մարկո լաբորատորիայի եւ անասնաբուժական կլինիկայի անասնաբույժ եւ գիտաշխատող Սթեֆանիա Ուչեդուն հիշել է մի դեպք, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ նրա մոտ բուժման են բերել մի շան, որը հրաժարվել էր ուտել։ «Իմ գործընկերները վերցրին արյան նմուշները, ստուգեցին սիրտը. ամեն բան կարգին էր։ Ոչ մի պատճառ չկար, որպեսզի կարողանայինք բացատրել, թե ինչու շունն այլեւս չի ուտում,- ասել է Ուչեդուն Live Science-ի հարցազրույցում։- Միակ տարբերությունն այն էր, որ նրա եղբայրը մեկ շաբաթ առաջ մահացել էր»։
Այս իրադարձությունը սկիզբ դրեց մահվան հետ կապված՝ շների վարքի ուսումնասիրմանը, որի արդյունքում իրականացվեց առաջին հետազոտությունը. նրանց վարքագիծը սուգ էր հիշեցնում. նրանք այլեւս չէին քնում, ինչպես նաեւ ավելի քիչ էին ուտում եւ խաղում։
Տվյալների քանակության ավելացումն ի վերջո կարող է մեզ մոտեցնել այն ըմբռնմանը, թե ինչ է զգում կենդանին, երբ մահանում է նրա ընկերը։ Օրինակ, դեմքերի ճանաչման տեխնոլոգիաներն օգնում են հետազոտողներին հետեւել կենսական իրադարձություններին շների արձագանքին, բացատրել է անասնաբույժ Սթեֆանիա Ուչեդուն։ Կարեւոր հորմոնների, ինչպիսին է օկսիտոցինը (որը դեր է խաղում սոցիալական կապի մեջ) հնարավոր փոփոխությունների չափումը նույնպես կարող է մեզ ավելի ճիշտ պատկերացում տալ կենդանու ներքին վիճակի մասին կոմպանյոնի մահվանից հետո, նշել են փորձագետները։
Գուցե։ Սակայն վերջնական հարցը պետք է լինի ոչ այնքան այն, թե արդյոք սգում են կենդանիները, որքան այն, թե որքան ուժեղ կարող է լինել սուգը, եթե այնպես գործենք, ասես այն գոյություն ունի։
Ենթադրությունն այն մասին, թե կենդանիները կապվածություն են զգում իրենց ընկերների հետ եւ հույզեր են ունենում, որոնք նման են սգի, երբ վերջինները մահանում են, կարող է հսկայական հետեւանքներ ունենալ։ Դա կարող է մեզ ավելի նրբազգաց դարձնել մեր կենդանիների հանդեպ եւ օգնել մեզ ավելի լավ հոգալ կենդանաբանական այգու կենդանիների մասին։ Դա նաեւ կարող է մարդկանց մղել ավելի շատ հոգալ մոլորակի վրա մարդկության ներգործության մասին՝ լինի որսագողությունը, շրջակա միջավայրի քայքայումը, օդի աղտոտումը, թե կլիմայի փոփոխությունը, եւ ավելի համոզիչ փաստարկներ բերել հօգուտ նրա պաշտպանության այն տեսակների համար, որոնց հետ միասին մենք ապրում ենք մոլորակի վրա։





























