Լոնդոնում նախատեսում էին կառուցել «մահվան բուրգ», որում միլիոնավոր մարմիններ կպահվեին, գրում է LADBible-ը։ Այս գաղափարի հեղինակը 19-րդ դարում ապրած մի ճարտարապետ է եղել, բայց նա այդպես էլ չի իրականացրել իր ծրագիրը։
Ճարտարապետ Թոմաս Ուիլսոնն իր գաղափարը մշակել է 1800-ականներին եւ քաղաքում ընտրել է մի վայր, որտեղ կարող էր կառուցել օբյեկտը։ Նախագծի հեղինակի խոսքով՝ բուրգը պետք է լուծեր գերեզմանատներում տարածքի սղության խնդիրը։
«Այնքան էլ շատ դարեր չեն անցնի, մինչ բուրգը ոչ միայն ամբողջությամբ կլցվի, այլեւ եւս մեկը կպահանջվի»,- վստահեցրել էր ճարտարապետը։
Բուրգը պետք է կառուցվեր գրանիտե բլոկներից եւ աստղադիտարան տանող սանդուղք ունենար: Նախագիծն արժեցել է 7 միլիոն ֆունտ սթերլինգ, որն այն ժամանակվա համար չափազանց մեծ գին է եղել, ուստի Լոնդոնի քաղաքային խորհուրդը մերժել է Ուիլսոնի գաղափարը։




























