Ֆինն գիտնականները դանդաղընթացների նոր տեսակ են հայտնաբերել եւ այն անվանել են Macrobiotus naginae՝ ի պատիվ Հարի Փոթերի մասին գրքերի շարքից լորդ Վոլդեմորտի Նագինի օձի: Դանդաղընթացները համարվում են գրեթե անմահ արարածներ, քանի որ նրանք կարող են գոյատեւել ամենաարտակարգ պայմաններում, գրում է Daily mail-ը։

Դանդաղընթացները մանրադիտակային անողնաշարավորներ են, որոնք մոտ են հոդվածոտանիներին, դրանց չափերը 0,05-ից մինչեւ 1,2 միլիմետրի են հասնում: Այս արարածները ապրում են գրեթե ամենուր, որտեղ խոնավություն կա: Բնության մեջ կան մոտ 900 տեսակի դանդաղընթացներ։

Անհիդրիոզի վիճակում, երբ դանդաղընթացները կորցնում են իրենց ջրի մինչեւ 98 տոկոսը, նրանք կարող են գոյատեւել արտակարգ ջերմաստիճանների, բարձր ճնշման եւ նույնիսկ տիեզերական վակուումի պայմաններում: Բայց նրանք չեն կարողանում արագ շարժվել: Նրանց արագությունը ժամում 23 միլիմետր է։

Macrobiotus naginae-ն ապրում է ֆիննական Ռոկուա ազգային պարկի մամուռներում, քարաքոսներում եւ թափված տերեւներում: Ընդհանուր առմամբ, գիտնականներին հաջողվել է բուսականության նմուշներում 47 նոր դանդաղընթացներ եւ դրանց սպիտակավուն ձվեր հայտնաբերել: