Բրիտանական MI5-ի տնօրեն Քեն ՄքՔալումը Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը Մեծ Բրիտանիայի «անվտանգության լուրջ սպառնալիք» է անվանել, հաղորդում Է AP-ը։

Նրա խոսքով ՝ Իրանն աճող մտահոգություն է առաջացնում, այս տարի Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնաբերել են առնվազն 10 «պոտենցիալ սպառնալիք»՝ «առեւանգել կամ նույնիսկ սպանել բրիտանացիներին կամ Մեծ Բրիտանիայում բնակվող անձանց, որոնց համարում են ռեժիմի թշնամիներ»։

Նա ասել է, որ վտանգ կա, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը կարող են օգնել միմյանց՝ «մեծացնելով իրենց ուժերը»։ Նրա հավաստմամբ՝ Ռուսաստանի «լրտեսական հնարավորություններին»  զգալի ռազմավարական հարված "է հասցվել Ուկրաինային պատերազմից հետո։

ՄքՔալումը Չինաստանն անվանել է էլ ավելի երկարաժամկետ խնդիր՝ ասելով, որ «Չինաստանի Կոմունիստական կուսակցության գործունեությունը Մեծ Բրիտանիայի համար ամենավճռական ռազմավարական մարտահրավերն է»։

Նա Պեկինին մեղադրել է «հետապնդման, ահաբեկման, հարկադրանքի եւ Չինաստանի քաղաքացիների բռնի հայրենադարձության մեջ»։  

Այս շաբաթ Ինդոնեզիայում կայացած G20-ի գագաթաժողովում ՄԲ վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է․ «Չինաստանը համակարգային մարտահրավեր է մեր արժեքներին եւ շահերին եւ ներկայացնում է մեր տնտեսական անվտանգության ամենամեծ պետական սպառնալիքը»։