Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 9-ին, կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երեւանում գտնվող բենզալցակայանների եւ դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները:
Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների եւ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ստացված եզրակացությունների մասին:
Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ ընդգծվել է միջազգային ընդունված նորմերը, լուծման հնարավոր տարբերակներն ու այլընտրանքային եղանակներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով, ոլորտում կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի չանտեսվեն մարդկային կյանքին սպառնացող վտանգները, ինչպես նաեւ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար լինեն հասկանալի եւ կիրառելի:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին կարեւորել է բոլոր բնագավառներում սոցիալական պատասխանատվության հարցը եւ շեշտել, որ մարդու անվտանգությունը չպետք է լինի երկրորդ պլանում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ անելիքները հասկանալու եւ դրանք լիարժեքորեն իրականացնելու համար:





























