Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը։ Նրան հետմահու կդատեն սեռական բռնության, պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու եւ դուստրերի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար․ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Իր դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին որոշել են դատել անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների երկու դրվագով, ինչպես նաեւ մի քանի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու եւ համացանցում տարածելու համար:
Աղմուկ հանած սպանությունը կատարվել է 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում։ Ինչպես կարծում է քննությունը, Խաչատուրյան երեք քույրերը սպանել են իրենց հորը Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղում գտնվող իրենց բնակարանում։ Կալանավորվածներին փակել են մեկուսարանում, իսկ հետո մեղմել խափանման միջոցը «որոշակի գործողություններ կատարելու արգելքով»։
Քննությունն ընդունել է, որ հայրը «ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներ» է պատճառել աղջիկներին, սակայն թողել է ամենախիստ որակումը՝ նշված փաստերը գնահատելով միայն որպես մեղմացուցիչ հանգամանք:
Գլխավոր դատախազությունը սկզբում չի համաձայնել նման որոշման հետ՝ պահանջելով մեղադրանքը վերաորակել ինքնապաշտպանության, սակայն երկրորդ փորձից, այնուամենայնիվ, հաստատել է մեղադրական եզրակացությունը։





























