Այս պահի դրությամբ ցրտահարության հետեւանքով կորիզավորների մոտ արձանագրված վնասները մեծ չեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Տարածքներում, որտեղ ամսվա սկզբում գրանցվել է -1, -2 աստիճան ջերմաստիճան, վնասներ արձանագրվել են, սակայն ոչ շատ մեծ։ Հիմնականում ցրտահարության դեպքեր եղել են Արարատի եւ Արմավիրի մարզերում, առանձին նախալեռնային շրջաններում, բայց դրանց ազդեցությունը ոչ թե մասշտաբային է եղել, այլ հատվածական։ Որոշ շրջաններում էլ խաղողի վաղահաս տեսակներն են վնաս կրել, բայց կրկին հատվածական տեսքով։ Մեծամասամբ ամպամածության եւ մառախուղի շնորհիվ կանխվեց ցրտահարության վտանգը։ Այս պահի դրությամբ կարելի է ասել՝ ունենք ծիրանի միջին բերք, եթե ամեն ինչ այսպես ավարտվի»,- նշեց Պետրոսյանը։
Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ ամբողջական վնասները հնարավոր կլինի գնահատել արդեն ամսվա վերջում։ Եթե ուժեղ անձրեւներ եւ քամիներ, ջերմաստիճանի իջեցում չլինեն, կարող ենք ասել, որ այս տարվա ցրտահարության հասցրած վնասները քիչ են։





























