Սիրիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության օրակարգը բավական ընդգրկուն է։ Հայաստանի արձագանքը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին ցույց տվեց պատմական խոր արմատներ ունեցող ժողովուրդների նմանությունները՝ կապված մերձավորի ցավը կիսելու պատրաստակամության հետ: Սիրիացի ժողովուրդը հայ ժողովրդի նկատմամբ իր վերաբերմունքը դրսեւորել է 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ եւ դրանից առաջ: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը։ Նա գոհունակությամբ մատնանշեց 2023 թվականի սկզբին տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության արձագանքը, այդ թվում՝ փրկարարների, մարդասիրական օգնության ուղարկումը, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի այցը։ Դիվանագետը կոչ արեց Հայաստանի եւ՛ պետական, եւ՛ մասնավոր հատվածներին միանալ երկրաշարժից հետո Սիրիայի վերականգնման աշխատանքներին:
«Երկրաշարժից հետո Սիրիայի առաջնահերթությունները փոխվել են, սակայն մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի եւ՛ քաղաքական, եւ՛ պատերազմական իրավիճակին։ Այստեղ մեր երկրները նույնպես նմանություններ ունեն։ Ես նկատի ունեմ Թուրքիային, որը բացասական դեր է խաղացել ահաբեկչական պայքարում, որը Սիրիան վարում է 10 տարի։ Հայաստանն ու Սիրիան նույն խրամատում են Թուրքիայի կողմից պանթյուրքիզմի քաղաքականության առաջմղման հարցում։ Այս 10 տարիների ընթացքում Հայաստանը չի փակել իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում, ինչը շատ լուրջ ազդակ էր Սիրիայի համար։ Բացի այդ, Հայաստանը Սիրիային մարդասիրական օգնություն է ցուցաբերել»,-հավելեց նա։ Արիսյանը հայտնեց, որ Դամասկոսը հանդես է գալիս տարածաշրջանի պետությունների միջեւ խաղաղության եւ ինքնիշխան տարածքների փոխադարձ հարգանքի օգտին:





























