Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Էյր Արաբիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիին եւ կարևորել է ՀՀ կառավարության և Էյր Արաբիա ընկերության միջև՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծավալված գործընկերությունը, որի շրջանակում ստեղծվել և արդյունավետ գործում է «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործակցության հետագա խորացմամբ:

«Էյր Արաբիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի: Նա «Էյր Արաբիա» ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու և ընդլայնելու համատեղ ծրագրերը:

Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության զարգացման հեռանկարները: Քաղաքացիական ավիացիայի հզորացման և զբոսաշրջային հոսքերի ավելացման համատեքստում անդրադարձ է եղել ուղևորափոխադրումների ծավալի ավելացմանը, սպասարկման որակի շարունակական բարելավմանը, չվերթների աշխարհագրության ընդլայնմանը վերաբերող և այլ հարցերի: