Շինարարական նախագծի շրջանակում ֆրանսիական քաղաքային վարչակազմերից մեկի հնագետները վերջերս պեղումներ են անցկացրել Կորսիկա կղզում՝ Սոտայի Պունտա Կամպանայի լանջերին և հայտնաբերել են ընդարձակ նեոլիթյան բնակավայր՝ լի հնագույն արտեֆակտներով, գրում է Miami Herald-ը։
Համաձայն Կանխարգելիչ հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի հայտարարության, Սոտտայի տեղամասում երկու տարբեր բնակավայր է հայտնաբերվել։ Առաջինը մասամբ է պահպանվել, երկրորդը՝ լավ։
Ըստ հնագետների, առաջին բնակավայրում, որ թվագրվում է մ․թ․ա․ չորրորդ հազարամյակի սկզբով, մոտ 6000 տարի առաջ, գտնվել է քարե կառուցվածք՝ լցված օբսիդիանի մշակման արհեստանոցների մնացորդներով։ Արհեստանոցի ներսում վկայություններ կան, որ հնադարյան մարդիկ տարբեր մեթոդներ են կիրառել օբսիդիանից գործիքներ պատրաստելու համար։
Երկրորդ բնակավայրը, որ թվագրվում է մ․թ․ա․ երրորդ հազարամյակով, 4000-5000 տարի առաջ, ավելի լավ է պահպանվել։
Հնագետները սանդղավանդի համակարգ են հայտնաբերել, որոնց վրա գտնվել են բնակության և գործունեության հետքեր։ Ըստ ուսումնասիրողների, սանդղավանդերը պսակված են եղել 3 ոտնաչափ բարձրությամբ գրանիտե բլոկներից շարված ամրոցի պատով։
Ըստ հնագետների, սանդղավանդի համակարգի ներսում եղել է միջանցք և աստիճան, որոնք, ըստ երևույթին անցում են ապահովել դեպի համակարգի վերին մակարդակը։ Միջանցքում մի քանի սկահակ է գտնվել։
Հնագետների վկայությամբ, նեոլիթյան բնակավայրը, հատկապես սանդղավանդային տեղամասը, հազարավոր արտասովոր պղնձե և այլ մետաղական արտեֆակտներ է պարունակել։
Որոշ մնացորդներ մատնացույց են անում ձուլման հետքերի, որ կատարվել է այդ վայրում։ Այստեղ հայտնաբերվել են նաև խոշոր եղջերավոր անասունների ատամներ և գանգոսկրերի հազվագյուտ մնացորդներ, որոնք, ըստ երևույթին, այրված են եղել։
Գտածոների մեջ հնագետները հայտնաբերել են խեցեղեն, կայծքարեր, օբսիդիան, կվարց, նետերի ծայրակալներ, հղկիչ գործիքներ, կացիններ, անիվներ և գործիքներ։





























