Տեխասի բնակիչը գնդակահարել է իր հարեւաններից 5-ին՝ բակում կրակոցները դադարեցնելու խնդրանքի պատճառով. զոհերի թվում 8-ամյա երեխա կա
Տեխասի բնակիչը հրացանով մտել է հարեւան տուն եւ սկսել կրակել հարեւանների վրա՝ սպանելով 8-ամյա երեխային եւ եւս չորս մարդու, որոնք գտնվում էին տանը, այն պատճառով, որ այդ ընտանիքի անդամները նրան խնդրել են դադարեցնել կրակոցները բակում, քանի որ նրանք փորձել են քնել, հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Սան Հակինտո շրջանի շերիֆ Գրեգ Քեյփերսը հայտնել է, որ իշխանությունները դեռ փնտրում են 39-ամյա կասկածյալին Քլիվլենդ քաղաքում գիշերային հրաձգությունից հետո։ Նա ասել է, որ կասկածյալը, որի ինքնությունը չի հայտնել, կրակելիս օգտագործել է AR տեսակի հրացան:
Քեյփերսը պատմել է, որ տանը 10 մարդ է եղել, եւ որ այլեւս ոչ ոք չի տուժել։ Նա հայտնել է, որ երկու զոհերը, ենթադրաբար, Հոնդուրասից, հայտնաբերվել են տան ներսում երկու երեխաների վրա պառկած:
«Հոնդուրասցի կանայք պառկած են եղել երեխաների վրա, նրանք դա արել են երեխաներին պաշտպանելու համար»,-ասել է Քեյփերսը։
Քեյփերսի խոսքով՝ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ ընտանիքի անդամները մոտեցել են ցանկապատին եւ կասկածյալին խնդրել դադարեցնել կրակոցները: Ի պատասխան՝ կասկածյալը նրանց ասել է, որ դա իր սեփականությունն է։ Քեյփերսի խոսքով՝ տանը գտնվող մարդկանցից մեկը նկարահանել է, թե ինչպես է կասկածյալը հրացանով մոտենում մուտքի դռանը:
Քեյփերսը պատմել է, որ զոհերի տարիքը տատանվում էր 8-40-ի սահմաններում։
Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն եղել են կասկածյալի տանը։





























