Բուրկինա Ֆասոյի Կարմա գյուղում կոտորածից հետո ողջ մնացած բնակիչները շաբաթ օրը տեղեկացրել են, որ սպանվել է 136 մարդ, ներառյալ կանայք եւ փոքրահասակ երեխաներ, նրանք հարձակման մեջ մեղադրել են երկրի անվտանգության ուժերին։ Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, տեղեկացրել է Reuters-ը։
Դատախազն անցած շաբաթ սկսել է կոտորածի հետաքննությունը, որը տեղի է ունեցել Կարմա հյուսիսային գյուղում եւ հարակից շրջաններում։ Տեղեկացվել է, որ զինված ուժերի համազգեստով մարդիկ կոտորած են կազմակերպել գյուղում։
Այդ հարձակումը ամենաահավորներից է եղել երկրի քաղաքացիական բնակչության համար։ Երկիրը պայքարում է «Ալ Քաիդայի» եւ «Իսլամական պետության» հետ կապված զինված գրոհայինների դեմ։ Նրանց հարձակումը դատապարտվել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների վարչության կողմից։
Բուրկինա Ֆասոն արեւմտաաֆրիկյան երկրներից է, որը պայքարում է իսլամական խռովության դեմ, որը վերջին տասնամյակում տարածվել է հարեւան Մալիից եւ որի հետեւանքով զոհվել են հազարավոր մարդիկ, իսկ ավելի քան երկու մլն մարդիկ ստիպված հեռացել են տներից։
Երկրի զինվորական կառավարությունը լայնածավալ հարձակում է սկսել, որն ուղղված է զինված ապստամբների կողմից վերահսկվող տարածքները վերադարձնելուն։
Կառավարությունը դատապարտել է Կարմա գյուղի դեմ հարձակումը ապրիլի 27-ի հայտարարությունում, բայց որեւէ մանրամասն զոհերի մասին չի ներկայացրել։
Ողջ մնացած բնակիչների հայտարարությունում նշվել է, որ գյուղը շրջապատվել է ապրիլի 20-ի վաղ առավոտյան մինչեւ ատամները զինված եւ զինվորական համազգեստով մարդկանց կողմից, որոնք եկել են մոտոցիկլներով եւ պիկապներով։
Գյուղի բնակիչները սկզբում ուրախացել են, բայց նրանց ուրախությունն ընդհատվել է, երբ վերջիններն սկսել են կրակել, ասել են բնակիչները, որոնք տեղեկացրել են 136 սպանված խաղաղ բնակչի եւ ինը վիրավորի մասին։
Բնակիչների ներկայացուցիչն ասել է, որ կառավարության հայտարարությունը նշանակում է անտարբերություն եւ արհամարհանք Կարմայի բնակիչների հանդեպ։
Նրա խոսքով՝ հայտարարությունը խառնաշփոթ է առաջացնում անվտանգության եւ պաշտպանության ուժերի՝ զանգվածային սպանությունների պատասխանատվության հարցում։





























