Երկուշաբթի առավոտյան վեց մարդ մահացել, երեքը (որոնց մեջ՝ երկու երեխա) հոսպիտալացվել է միկրոավտոբուսի վթարի պատճառով։ Միկրոավտոբուսն ընկել է խորխորատը, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Տաջիկստանի Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։
«Դուշանբեն երկրի հյուսիսի հետ կապող Դուշանբե-Խուջանդ-Չանաք ավտոմայրուղու 154-րդ կիլոմետրում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ազդանշանը ստացվել է տեղի ժամանակով ժամը 04.10-ին։ Պարզվել է, որ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչից հետո միկրոավտոբուսը 200 մետր բարձրությունից ընկել է խորխորատը»,- ասել է նա։
Յուսուֆին տեղեկացրել է, որ փրկարարները, իջնելով խորխորատը, ճզմված մեքենայից դուրս են բերել վարորդի եւ հինգ ուղեւորների մարմինները, իսկ երեք ուղեւորի՝ երկու երեխայի եւ մի կնոջ, ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխել են Այնիի շրջանային հիվանդանոց։





























