9 երկրների մասնակցությամբ Եվրապոլի կողմից համակարգվող գործողության ընթացքում իրավապահ մարմինները գրավել են Monopoly Market անօրինական շուկան եւ ձերբակալել 288 կասկածյալի, որոնք առնչություն ունեն դարքնեթում թմրանյութերի գնման կամ վաճառքի հետ, հաղորդում է Եվրապոլի մամուլի ծառայությունը:

Առգրավվել է ավելի քան 50,8 մլն եվրո՝ կանխիկ եւ վիրտուալ արժույթներով, 850 կգ թմրանյութ եւ 117 միավոր հրազեն: 

Spektor ծածկանունով այս գործողությունը բաղկացած է եղել մի շարք առանձին փոխլրացնող գործողություններից Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Շվեյցարիայում:

Ձերբակալությունները կատարվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում եւ Բրազիլիայում: Դարքնեթի հաշիվների հետեւում լրացուցիչ անձանց հայտնաբերելու համար հետաքննությունների շարքը դեռ շարունակվում է: