Գվատեմալայի արտակարգ իրավիճակների Conred ազգային ծառայությունը տեղեկացրել է Չիմալտենանգո դեպարտամենտի Սան Դիեգո Յեպոկապա բնակավայրի բնակիչների տարհանման մասին գործող Ֆուեգո հրաբխի պատճառով։

«Conred-ի գործադիր քարտուղարությունն աջակցում է տեղի իշխանություններին տարերային աղետի ռիսկերի կառավարման եւ Սան Դիեգո Յեպոկապայից բնակիչների նախնական տարհանման գործում. տարհանվում են Պանիմաչե I եւ II, Էլ Պորվենիր եւ Մորելիա գյուղերի բնակիչները»,- նշվել է Conred-ի թվիթերյան բլոգի հաղորդագրությունում։

Վտանգավոր գոտիներից տարհանված քաղաքացիներին տեղավորելու համար իշխանությունները գործի են դրել երկու խոշոր ապաստարան, որոնք կարող են ընդունել  մոտ 900 ընտանիք։

Conred-ի տեղեկանքի համաձայն՝ Ֆուեգո հրաբխի նոր ժայթքումն ուղեկցվում է մոխրի եւ գազերի՝ ավելի քան 6 կիլմետր բարձրությամբ արտանետմամբ եւ լավայի հոսքով արեւելյան եւ արեւմտյան ստորոտներում։

Ֆուեգո հրաբուխն ամենաակտիվն է Կենտրոնական Ամերիկայում, այն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից 45 կիլոմետր արեւմուտք, Էսկուինտլա, Սակատեպեկես եւ Չիմալտենանգո դեպարտամենտների միջեւ։ Հրաբխի բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 3 763 մետր է։ Հրաբխի հզոր ժայթքում է տեղի ունեցել 2018թ. հունիսին, այդ ժամանակ երկրի 16,6 մլն բնակիչներից 1,7 մլն-ը ենթարկվել է դրա ազդեցությանը։ Հրաբխի ժայթքման զոհ է դարձել 190 մարդ։