Դասագիրքը պետք է համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, կրթության կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի ու ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին  մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով նոր դասագրքերի ստեղծման մրցույթին:

«Իսկ գործող  դասագրքերը, որոնք կիրառվում են այն դասարաններում, որտեղ դեռ չի ներդրվելու նոր չափորոշիչը, ցուցակագրվել են, քանի որ դասագրքերի օգտագործման ժամկետներ կան: Բոլոր այն դասագրքերը, որոնց ժամկետներն արդեն լրացել են, բայց 1-2 տարի կիրառման կարիք ունեն, վերահրատարկվելու են՝ առանց խմբագրման աշխատանքների՝ մինչև համապատասխան դասարաններում ևս կներդրվի նոր չափորոշիչն ու կստեղծվեն նոր դասագրքեր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2024/25 ուսումնական տարվանից սկսած՝ հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է ևս 4 դասարաններում, և առաջիկայում արդեն կմեկնարկեն այդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթի նախապատրաստական աշխատանքները: