Հանքարդյունաբերության ռազմավարության մշակման հիմնական պատճառը տնտեսության մեջ հանքարդյունաբերության ոլորտի հստակ տեղն ու դիրքն ընդգծելն էր։ Այս մասին ոլորտի ներկայացուցիչների հետ փաստաթղթի շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում նշեց Տեղական կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

«Բոլոր ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ այս պահի դրությամբ հնարավոր չէ գնահատել ոլորտը, ոլորտից ստացված օգուտները,  և այն սպասելիքները, որ կարող են դրվել ոլորտի համար որպես նպատակներ: Այդ ամբողջ տեղեկությունը վերլուծելուց հետո խնդիր դրվեց, որ ոլորտը, ինչպես մյուսները, պետք է ունենա ռազմավարություն»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ չնայած ռազմավարություներն ունենում են հստակ ցուցանիշներ, ժամկետներ և արդյունքներ, բայց հաշվի առնելով, որ հանքարդյունաբերության ոլորտը չունի ռազմավարություն՝ որոշվել է, որ առաջին նման փաստաթուղթը լինի ավելի ընդհանրական և ամբողջացնի ոլորտում կատարվելիք քայլերը։

«Կառավարությունն ունի անելիքներ, նախանշել է ժամանակահատված և պատրաստվում է նոր ստանդարտների հետ կապված որոշումներ կայացնել, որոնք կներդրվեն ոլորտում, որպեսզի կարողանանք կառավարել ինչպես բնապահպանական, առողջապահական, սոցիալական, այնպես էլ ընդերքի ռացիոնալ օգտագործման հարցերը»,- ասաց փոխնախարարը։

Կառավարության կարծիքով՝ եղած փաստաթուղթը 2035 թվականն ընդհանրական աշխատանքներ իրականացնելու համար պատրաստի փաստաթուղթ է, սակայն ինչպես այլ փաստաթղթեր, կարող է արժանանալ քննադատության։

«Մենք չենք վախենում այդ քննադատություններից, պատրաստ ենք աշխատանքների ընթացքում լսել բոլոր դիտարկումները, եթե կա անհրաժեշտություն, ընթացքում ինչ-որ մի բան ավելի կոնկրետացնել»,- նշեց Հարությունյանը։