Կառավարություն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել լուսաթափանց ալյումինե կոնստրուկցիաների, ապակեփաթեթների, բազմաշերտ և թրծվածապակիների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում՝ հողի ձեռքբերման, նոր գործարանի կառուցման և սարքավորումների  ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 257 նոր աշխատատեղ՝ մինչև 620 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 41․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․8 մլրդ դրամ: