Եթե Արայիկ Հարությունյանը լիներ պատասխանատու ու կոմպետենտ ղեկավար, ապա առաջին իսկ օրվանից ինքը պետք է մի ձեռքով կազմակերպեր Արցախի ներքին խնդիրների արդյունավետ կառավարումը, մյուս ձեռքով, գիտակցելով իրավիճակը` ստանձներ արտաքին մարտահրավերների առաջ ողջ պատասխանատվությունը, ինչքան էլ դրանք այդ պահին ոչ պոպուլյար լինեին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա նաեւ նշել է. «Այն, ինչի վրա կարելի էր կանգնել պատերազմից հետո անմիջապես, կամ թեկուզ կես տարի առաջ, անհնարին է հիմա, քանի որ իր այս տարատեսակ քայլերով Բաքուն կարողացավ վերջնականապես հասկանալ, որ հայկական կողմը ոչ արտաքին հովանավոր ունի, ոչ էլ ներքին կարմիր գիծ. ինչքան սեղմես` սեղմվելու է։
Իսկ ինչ է անում այս վիճակում Արայիկ Հարությունյանը․ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին իրավիճակը թողել է կատարյալ ինքնահոսի, որպեսզի այն հասնի այնպիսի կրիտիկական կետի, որ հասարակությունը կամավոր գնա բոլոր տեսակի զիջումների, ու այդ կերպ ինքը խուսափի դրա համար անգամ չնչին պատասխանատվությունից, որ դրանից հետո ոչ մեկը չկարողանա իրեն ինչ-որ բանում հանդիմանել, ինչի էլ այդ ամենը հանգեցնի։
Որ ինչ էլ լինի, նա ասի, թե ժողովուրդը այդպես ուզեց, թե ժողովուրդը դրան գնաց, ես այդ իրավիճակում ի՞նչ անեի, հո ժողովրդին դեմ չէի գնա։ Հենց դրա համար էլ նա, չլուծելով ներքին ոչ մի խնդիր, փաստացի կոտրում է ժողովուրդին՝ մշտապես սերմանելով անելանելիության զգացում։ Սա շատ հայտնի քաղաքական սխեմա, տեխնոլոգիա է, ու չի բացառվում, որ նա սա համաձայնեցրած լինի այդ նույն Բաքվի հետ, քանի որ այս ամենի թիվ մեկ շահառուն հենց ադրբեջանցիներն են»:





























