Հոլանդական U-Boat Worx ընկերությունը Մոնակոյում զբոսանավերի շոուի ժամանակ ներկայացրել է ամենաբարձր արագությամբ և մանևրելու գերհնարավորություն ունեցող մասնավոր սուզանավը, հայտնում է New Atlas-ը։

Պարբերականի տեղեկություններով,  երեք տեղանոց  Super Sub-ը «երբևէ կառուցված ամենաարագ մասնավոր սուզանավն է»։ Նրա իրանի երկարությունը 6,5 մ է, այն ունակ է զարգացնել 18,5 կմ/ժ արագություն, սուզվել 300 մ խորության վրա,  կտրուկ շրջադարձեր կատարել, արագ բարձրանալ և իջնել մինչև 45 աստիճան անկյան տակ։ Սարքը համալրված է բորտային մարտկոցով, որն ապահովում է մինչև 8 ժամ նավարկություն։ Սուզանավի վրա տեղադրված կապի, լուսավորության և կենսապահովման համակարգերը կարող են ինքնուրույն աշխատել մինչև 96 ժամ։ Սուզանավը համալրված է անվտանգության համակարգով, որն ապահովում է, օրինակ, սուզման խորության կառավարում և ավտոմատ վերելք դեպի մակերես։

Super Sub-ի կոնցեպտը մշակվել է 2021 թվականին, իսկ սուզանավի դիզայնն էլ ավելի կատարելագործվել է 2022 թվականին։ Սարքը նախագծված է այնպես, որ  խցիկից հնարավոր լինի  «վայելել ընդարձակ համայնապատկերային տեսարան» և հետևել  ծովային կենդանիներին:

Նավն առայժմ կառուցվել է միայն մեկ օրինակով, սակայն U-Boat Worx-ը նախատեսում է հաջորդ տարի կառուցել այս սուզանավերից ևս մի քանիսը: Super Sub-ի գինը 5,44 միլիոն դոլար է: