Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը լուրջ քայլեր ձեռնարկի երկու պետությունների սկզբունքի հիման վրա 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստին պետություն ստեղծելու համար՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Բեյրութում իր լիբանանցի գործընկեր Աբդալլահ Բուհաբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է Anadolu-ն։
«Երկար տարիներ հեգեմոն տերությունները օգտագործել են լրատվամիջոցների ազդեցությունը, որ ստիպեն մեզ մոռանալ պաղեստինյան խնդրի իրական էությունը, ժամանակն է վերջ դնել դրան», - ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է վերածվել ավելի մեծ պատերազմի, բայց դա կարող է նաև պատմական հնարավորություն ստեղծել խաղաղության համար, ասել է նա: «Մեր նախագահը վստահ է, որ նման պատմական խաղաղություն հնարավոր է»,- նշել է նա։
Ֆիդանն ընդգծել է, որ Անկարան ամեն ջանք գործադրում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով տարածաշրջանի երկրների՝ առաջին հերթին Լիբանանի, Եգիպտոսի և Հորդանանի ապակայունացումը կանխելու համար։
Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է նաեւ պաղեստինյան տարածքներում հրեական անօրինական բնակավայրերի կառուցումը։ «Ուրիշների հողերի և տների բռնագրավումը նրանց բնակիչների վտարմամբ ոչ թե «բնակարանային գործունեություն» է կոչվում, այլ գողություն»,- այս առիթով ասել է դիվանագետը։
Ֆիդանը հայտնել է, որ Անկարան կապի մեջ է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի հետ պատանդներին ազատ արձակելու հարցով։
«Այս պահին տարբեր երկրներից դիմումներ ենք ստացել իրենց քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ։ Արդյունքում մենք սկսեցինք քննարկել այդ հարցերը, հատկապես ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի հետ»,- ասել է նա։ «Մեր ջանքերը շարունակվում են, հատկապես օտարերկրացիներին, խաղաղ բնակիչներին և երեխաներին ազատ արձակելու համար»:





























