Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը կարծում է, որ Գազայի հատվածի համար լավագույն լուծումը կլինի ափամերձ անկլավի վերադարձը Պաղեստինի ինքնավարության վերահսկողությանը։
«Կարծում եմ, որ ի վերջո լավագույնը կլինի, որ Պաղեստինի իշխանությունները վերադառնան Գազայի հատված», - ասել է նա՝ ի պատասխան Թել Ավիվում լրատվամիջոցների ճեպազրույցում Times of Israel-ի հարցին:
«Դա իդեալական չէ, և եթե դուք ինձ հարցնեք, թե ինչպիսին պետք է լինի ելքի ռազմավարությունը, դրա էությունը պետք է լինի օգնել միջազգային հանրությանը, օգնել Պաղեստինի ինքնավարությանը վերահսկողության տակ վերցնել (անկլավը): Նախկինում այդպես էր: Պաղեստինի ինքնավարությունը դեռ ունի մոտ 20 հազար մարդ, որոնք աշխատում են Գազայում, և շատ հաստատություններ և քաղաքացիական կազմակերպություններ այնտեղ կառավարվում են նրանց կողմից հեռակա կարգով»:
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից Պաղեստինի ինքնավարությանը վտարել է 2007 թվականին:
Լապիդը նշել է. «Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի անհետացել»՝ վստահեցնելով, որ «մենք պայքարում ենք Համասի դեմ, ոչ թե Գազայի ժողովրդի դեմ»։





























