Գազայում ներքին տեղահանվածների թիվը հասնում է 1,4 մլն-ի, որոնցից ավելի քան 544 հազարը ապաստան է գտել ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության ցուցաբերման եւ աշխատանքների կազմակերպման գործակալության (ՓՕՑԱԿ) ժամանակավոր տեղավորման 147 կետերում։ Այս մասին նշվել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչության (OCHA)  հաշվետվությունում։

«Ռաֆահ, Քերեմ-Շալոմ եւ Էրեզ անցակետերը փակ են մնում, ինչը խանգարում է խիստ անհրաժեշտ հումանիտար օգնության առաքմանը՝ պարեն, ջուր, դեղորայք եւ վառելիք»,- նշվել է հաշվետվությունում։

Գազայի բնակշինարարության նախարարության տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից քանդվել կամ վնասվել է Գազայի հատվածի բոլոր բնակելի տների մոտ 30 տոկոսը։ «Էլեկտրականության լրիվ անջատումը, վառելիքի ներկրման արգելումը շարունակվում է արդեն տասն օր, ինչը կործանարար հետեւանքներ ունի բուժսպասարկման եւ խմելու ջրի հասանելիության առումով։  Ոչ անվտանգ աղբյուրներից ջրի օգտագործման ավելացումը բարձրացնում է վարակիչ հիվանդությունների բռնկման հավանականությունը»,- ընդգծել է ՄԱԿ գերատեսչությունը։